ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ
Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։
Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունը հայտնեց Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատեց աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:
Կարդացեք նաև
Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները և փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։
ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորեց երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը և խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք ևս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ:
ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:
Բազմակողմ համագործակցության համատեքստում անդրադարձ կատարվեց նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառումներին:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր փոխանակեցին անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ