Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ մարդիկ սկսել են խոսքի ազատությունը չարաշահել». Սարգիս Խանդանյան

Հունիս 05,2020 19:44

«Ցավոք, մենք տեսնում ենք՝ որոշ մարդիկ սկսել են խոսքի ազատությունը չարաշահել»,- «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած «Առցանց ատելություն. հնարավո՞ր է օրենքով պայքարել դրա դեմ» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նշենք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է Սարգիս Խանդանյանը և որը զբաղվելու է ատելության խոսքին առնչվող խնդիրների քննարկմամբ: Հարցին՝ ո՞րն է առցանց տիրույթում ատելության խոսքի աճի պատճառը, հատկապես հեղափոխությունից հետո, նա պատասխանեց. «Պատճառը սոցիալական ցանցերի և տեխնոլոգիաների զարգացումն է: Այն հարաբերությունները, որոնք ձևավորվել էին և խոսքը, որը հնչում էր տարբեր տիրույթներում, այժմ շատ հեշտ տեղափոխվել է առցանց տիրույթ, քանի որ այդ տիրույթի սահմաններն ընդլայնվել են և գործիքներից օգտվողների թիվն է շատացել: Բոլոր երևույթները, որոնք խոսքի հետ են կապված, դրանց աճ է եղել ինտերնետում, տվյալ պարագայում սոցցանցերում»:

Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո խոսքի և խոսքի ազատության նկատմամբ ընկալումները որոշ խմբերի, մարդկանց կողմից խեղաթյուրվում են, և թվում է՝ եթե երկիրը շարժվում է ժողովրդավարական զարգացման հունով, կարելի է ամեն ինչ, այդ թվում այն բաները, որոնք չեն թույլատրվում և որոնք մի շարք երկրներում մինչև անգամ քրեականացվում են»:

Սարգիս Խանդանյանը փաստեց՝ առցանց տիրույթում տեսնում ենք բռնության կոչեր, խտրական խոսք, ատելության խոսք, բայց մեծ մասամբ  կեղծ օգտատերերի կողմից ու պարզաբանեց. «Երբ մտածում ենք կարգավորումների մասին, դա բավականին բարդանում է, քանի որ մենք գործ չունենք կոնկրետ անձի հետ կամ գուցե գործ ունենք կոնկրետ անձի հետ, որն ունի բազմաթիվ հաշիվներ, և դրանց հայտնաբերելը, պարզելը կբարդանա, նույնիսկ, եթե ունենանք ատելության խոսքի դեմ պայքարի համար պատշաճ կարգավորումներ»:

Պատգամավորը կարևորեց օրենք ընդունելիս դրա կիրառելիությունը հաշվի առնելը ու նաև նշեց. «Չեմ կարող չհամաձայնել, որ միայն օրենսդրությամբ հնարավոր չէ իրավիճակը կարգավորել, այլ քայլերի անհրաժեշտություն կա, մասնավորապես կրթության համակարգում համապատասխան բարեփոխումների իրականացումը: Երբ խոսում ենք օրենսդրական կարգավորումների մասին, միայն քրեաիրավական դաշտի կարգավորումների  մասին չխոսենք, այլև հարակից օրենքներում ևս. մասնավորապես ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ կատարենք, որ ատելության խոսքի տարածումը ԶԼՄ-ում գնահատականի արժանանա, կամ ինտերնետում դոմեյնների հոսթինգով զբաղվող կազմակերպությունները կարող են որոշակի վերահսկողություն իրականացնել ատելության խոսքի նկատմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930