Լրահոս
Օրվա լրահոսը

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում

Հունիս 05,2020 20:03

Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում մեքենաների համարանիշերի գողությունների վերաբերյալ հաճախ էին ահազանգեր ստացվում։ Միայն Նոր Նորք վարչական շրջանում 20-ից ավելի նման դեպք արձանագրվեց։ Խոսքը սովորական գողությունների մասին չէ. Հանցավորների նպատակը համարանիշերին տիրանալը չէր, այլ ավելի հեռահար նպատակ էր հետապնդում։ Թանկարժեք համարանիշերը վերադարձնելու դիմաց նրանք տերերից փող էին պահանջում։ Ահա թե ինչպես. համարանիշերը գողանալուց հետո նրանք մեքենաների ապակիներին փակցնում էին գրություն՝ «Էս վայբերին կգրեք, հաշվեհամար կասենք, փող կուղարկեք, համարը տեղ կթողենք, կվերցնեք»։

Ընդ որում, գրության վրա թողնում էին արտասահմանյան հեռախոսահամար։ Տերերից ոմանք գրել են այդ համարին, ստացել հաշվեհամարը, պահանջված փողը փոխանցել ու տեղեկացել են, թե որտեղ է թաքցված իրենց մեքենայի համարանիշերը։ Դեպքերի առթիվ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում շորթման հատկանիշներով քրեական գործեր հարուցվեցին ու փոխանցվեցին տարածքային քննչական բաժիններ։ Նախաքննության շրջանակներում ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Հանցագործությունները բացահայտելու միջոցառումները հաջողությամբ հանգուցալուծեցին Նոր Նորքի ոստիկանները։ Նրանք օպերատիվ ճանապարհով պարզեցին կասկածվողների ինքնությունը։

Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ  հունիսի 4-ին կասկածվողներն Արմավիրի մարզում  հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Երևանում բնակվող 22 և 24-ամյա երիտասարդները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են` դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930