Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարություն Հարությունյանը՝ «5-րդ ալիքի» արգելափակման, Անդրանիկ Քոչարյանի, ու Վիկիլիքսյան սկանդալի մասին

Հունիս 05,2020 19:22

Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով հունիսի 1- ից Արցախում՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության հեռարձակման դադարեցվելու մասին, հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը նշեց, թե գրեթե վստահ է, որ տեխնիկական խնդիր չկա:

«Կարող եմ ապացուցել, բացատրել, որ տեխնիկական խնդիր լինել չի կարող: Նախկինում, երբ տեխնիկական խնդիր էր առաջանում, անմիջապես «Արցախ կապից» մեզ հետ կապվում էին, փորձում էինք հասկանալ, թե խնդիրը որ հատվածում է: Մենք Արցախ ուղարկում ենք մեր ազդանշանը օպտիկամալուխային կապով, եւ հիմնականում մեր տեխնիկական խնդիրը մեկ-երկու ժամ՝ լինում էր տարվա մեջ մեկ-երկու անգամ, Գորիսի վերջնակետում, ուժեղ քամիների կամ հոսանքի տատանման պատճառով: Նախկինում մեզ հետ կապ էին հաստատում եւ խնդիրը շատ արագ լուծվում էր»,-ասաց Հարություն Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ հեռարձակման դադարեցման մասին Արցախի հեռուստադիտողներից են տեղեկացել. «Այս անգամ մեզ հետ ոչ ոք չի կապվել, գրել եւ զանգահարել են Արցախի մեր հեռուստադիտողները: Եվ երբ աղմուկը բարձրացավ, որը ես չեմ բարձրացրել, բոլորը սկսեցին ասել, թե տեխնիկական խնդիր է: Ի դեպ, ես նախապես իմացել եմ մայիսի 28-ին, որ նման մի բան լինելու է, եւ արդեն մի քանի անգամ բարձրաձայնել եմ, թե որ շրջանակներից, այնպես որ, երբ ամսի 1-ին ստացա առաջին հեռախոսազանգը Արցախի հեռուստադիտողից, արդյոք Երեւանի՞ց է անջատված, չզարմացա, քանի որ դա սպասելի էր որոշ չափով:

Ես սկսեցի զանգահարել Արցախի պատկան մարմիններին, եւ բոլորի հետ ունեցա զրույցներ: Բոլորը մեկնաբանում են, թե տեխնիկական խնդիր է, թե ինչպիսի խնդիր, չեն բացատրում: Մի դեպքում ասում են՝ կայծակն է խփել, ասում էին նաեւ՝ ձեր մոտից ազդանշանը չի հասնում Արցախ: Երբ ես ասացի, որ հստակ ճշտել եմ՝ ազդանշանն Արցախի պռնկին է, սահմանի վրա է, ասացին՝ ուրեմն տեխնիկական խնդիր է: «Ուրեմն» արտահայտությամբ չեն պատասխանում: Արցախում պաշտոնական ներկայացուցիչներից որեւէ մեկը չի ասում, որ դա արգելափակել են, այդ մասին ասում են Հայաստանում, եւ ովքե՛ր են ասում:

Այդ մասին առաջինը ուրախ-ուրախ գրեց մեր շատ հայտնի, այսպես կոչված, անկախ պատգամավորը (նկատի ունի Արման Բաբաջանյանին-Գ.Հ.) եւ երեկ, եթե ուշադիր լսեք Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը, 8 րոպե 23-րդ վայրկյանին ինքն ասում է՝ հետեւյալը, բառացի եմ մեջբերում՝ «էդ ինչի Խաչատուրովը Արցախում արգելափակված «5-րդ ալիքին» սիրով հարցազրույց կտա, իսկ մեզ մոտ չի գա՞»: Անդրանիկ Քոչարյանը որտեղի՞ց գիտի, որ «5-րդ ալիք»-ը Արցախում արգելափակել են: Հիմա եթե ինքը կասի, որ կայքերից է տեղեկացել, կներեք, չէ՞ որ պաշտոնյա է եւ չի կարող ուղղակի կայքերից իմանալ: Պաշտոնյան պետք է վերցներ հեռախոսը, զանգահարեր ճշտեր, եթե մտահոգ է ազատ խոսքով, մամուլի ազատությամբ: Ուրեմն միգուցե զանգել ճշտե՞լ է, որ Արցախում արգելափակված է»:

Ինչ վերաբերում է Հարություն Հարությունյանի ձեւակերպմամբ, հայտնի պատգամավորին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե իրական փոփոխությունները սկսվում են Արցախից, եւ մնացած զարգացումներին, հեռուստատեսության գործադիր տնօրենը նշեց. «Նա գրել էր՝ «5-րդ ալիքը» փակել են Արցախում: Ավելին չեմ կարող մեկնաբանել, սա է իրավիճակը: Եթե Արցախում այլեւս նախագահը դիտարկվում է որպես մարզպետ, ինչը տվյալ դեպքում հստակ երեւում է մեր պաշտոնյաների արձագանքներից, ի՞նչ ասեմ, ուրեմն հնարավոր է ավելի սարսափելի բաներ լինեն Արցախում:

Կարծում եմ՝ սա նախավարժանք էր եւ այդ նախավարժանքը մեր վրա փորձեցին, որպեսզի տեսնեն, թե ինչ է լինելու, իսկ հետո մի գիշեր մի օր կսկսեն Արցախում հավաքել նրանց, որոնք որ պետք է հավաքվեին՝ իրենց պատկերացմամբ, ինչը որ իրենք փորձեցին նախկինում, բայց չստացվեց, շատ մեծ հակազդեցություն եղավ:

Հիմա իրենք կփորձեն այլ կերպ դա իրականացնել, որովհետեւ իրական փոփոխությունների ազդանշանը տալիս է մի մարդ, որը Վիկիլիքսից մեր հանրությանը հայտնի է որպես օտարերկրյա գործակալական ծառայություններին հատուկ ծառայություններ մատուցող»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930