«Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած «Առցանց ատելություն. հնարավո՞ր է օրենքով պայքարել դրա դեմ» թեմայով քննարկմանը իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրությունը թերի է: Նա մանրամասնեց. «Իմ պրակտիկում բախվել եմ օրենքի բացի հետ: Երբ, օրինակ, ինձ պետք էր դատարանից ստանալ որոշում, որ տեղի է ունեցել վիրավորանք խտրականության դրդապատճառով, դատարանը մերժեց, ասաց, որ չի կարող և դա սահմանեց ընդամենը վիրավորանք: Իսկ դա թույլ իրավական պաշտպանության միջոց էր»:
Արա Ղազարյանը ներկայացրեց՝ անձին վիրավորել էին նրա՝ սոցիալական փոքրամասնության խմբին պատկանելու պատճառով, իսկ դա պետք է ավելի խիստ իրավական պաշտպանության միջոց ունենա, քան սովորական վիրավորանքի և զրպարտության դեմ պաշտպանությունն է:
Ըստ Արա Ղազարյանի՝ մյուս խնդիրը կարծրատիպերն են, որոնք գոյություն ունեն նաև քրեադատավարական համակարգում: Նա պարզաբանեց. «Սովորաբար նրանք խտրականություն բառի հետ կապված, երբ դա սեռական փոքրամասնություններին կամ կրոնական փոքրամասնություններին է վերաբերվում, կաշկանդվածություն են զգում: Հասարակության լայն շրջանակների մոտ, մինչև պրոֆեսիոնալ իրավաբաններ շատ խիստ արմատական կարծրատիպեր կան: Ես երկու խնդիրը պետք է հաղթահարել»:
Արա Ղազարյանը իշխանությունների կողմից այս ոլորտում դրական քայլեր է տեսնում: Նա ասաց. «Հասարակության մտածողությունը փոխվում է, երբ օրենքները շատ ու անընդհատ են կիրառվում: Ստեղծվում է մի միջավայր, երբ անձը սկսում է վերաբերմունքն ու վարքագիծը փոխել: Պետք է ստեղծել ընդհանուր մի էթիկական միջավայր, իսկ նոր իշխանություններն այդ ճանապարհի վրա են. առաջին քայլերն արվել են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ