ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի գրել ու այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա վստահեցրեց, որ Արգիշտի Քյարամյանի հետ նորմալ աշխատում է, խնդիրներ չունի իր հետ:
Հարցին՝ տեղեկություններ կան, որ դուք վիրավորվել եք, երբ վարչապետը ֆեյսբուք սոցցանցի միջոցով է հանձնարարական տվել ԱԱԾ-ին՝ Շենգավիթում երեխաների խնդրով զբաղվելու համար՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ ֆեյսբուքով չի եղել. «Ես ասեմ խնդիրն ինչում է. ոստիկանության ուժերը ուղղակի չէին բավարարում ու պարոն վարչապետը հանձնարարական տվեց, որ խնդրով մենք զբաղվենք, որովհետեւ խոսքը գնում էր երեխաների վարակման մասին: Ոստիկաններին մենք օգնում էինք իրենց հետ փոխգործակցության շրջանակներում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է, որ քրգործեր հարուցելուց առաջ էլի աղմկահարույց գործերով անցնողները փախուստի են դիմում, մասնավորապես, Գուրգեն Խաչատրյանին ինչպես չբռնեցին՝ ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ նրա անհետանալու հետ կապված աշխատանքներ են տանում, իսկ մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ իր նկատմամբ չեն իրականացրել. «Իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը չէինք կարող…Համենայնդեպս, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:
Aravot.am-ը հարցրեց՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը օրեր առաջ հայտարարեց, որ մինչ օրս իշխանությունները նշում են 43 մլրդ պետական բյուջե վերադարձրած միջոցների մասին, որը եղել է իր օրոք, իսկ իր հրաժարականից հետո պետբյուջե գումար չի մտել, ինչպե՞ս է դա ստացվում՝ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց. «Երեւի պարոն Վանեցյանը տեղյակ չի իր ազատվելուց հետո ինչքան գումար է մտել պետական բյուջե»: Հետաքրքրվեցինք՝ ինչքա՞ն՝ ԱԱԾ տնօրենը որեւէ կոնկրետ թիվ չասաց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ