Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Aravot.am-ը ոստիկանապետ Արման Սարգսյանին հարցրեց՝ Քաջարանում ոստիկանները սխալմամբ ի քաղաքացու էին բերման ենթարկել, հետո համացանցում տարածվեց, որ նա բռնության է ենթարկվել ու վնասվածքների լուսանկարներ կային: Ծառայողական քննություն էր սկսվել, ի՞նչ պարզվեց: Արման Սարգսյանը պատասխանեց. «Քննություն իրականացվում է: Բնականաբար, իրավական գնահատական կտրվի, չեմ ուզում հիմիկվանից պնդեմ, որ այսպես է եղել, կամ այնպես է եղել, կուզեմ, որ քննության արդյունքներով լինի: Բայց Քաջարանի դեպքերը խնդրում եմ չքաղաքականացնել»:
Դիտարկմանը, որ բացի Քաջարանի դեպքերից, նաեւ Սիսիանի դեպքը կար, դա կապում են Սյունիքի ոստիկանապետի՝ Ազիզյանի գործելաոճի հետ, ասում են՝ Ազիզյանը նախկինների գործելաոճն է շարունակել ու աչքի ընկել՝ ծեծելով՝ ոստիկանապետի պատասխանն ուշագրավ էր: Նա ասաց, որ իրեն անընդհատ կապում են Ազիզյանի հետ՝ ասելով, որ իր կուրսեցին է. «Նախ ցանկանում եմ ասել, որ մեր կուրսը 280 հոգի է եղել եւ 280 հոգուց դուրս են մնացել առաջին սեմեստր մոտ 30 հոգի, հետո մենք ավարտել ենք մոտ 180 հոգի, բոլորը ծառայել են ոստիկանությունում: Իմ կուրսեցիներին, որոնց նշանակում եմ, որոնք քիչ են մնացել ցավոք, մեր կուրսեցիները այդ ժամանակ արդար քննությունով ընդունված տղաներ եւ աղջիկներ են եղել…Ասեմ, որ մեր կուրսը հանգիստ թողնեք: Պարոն Ազիզյանի բոլոր արարքներին՝ թե՛ լավ, թե՛ վատ, տրված են իրավական գնահատականներ եւ պարոն Ազիզյանի նշանակումն ու այսօրվա պաշտոնավարումն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Ես պարոն Ազիզյանից շնորհակալություն եմ հայտնում՝ վերջին շրջանում աղմկահարույց որոշ դեպքեր բացահայտելու համար»:
Ոստիկանապետը Սյունիքի մարզում դրական տեղաշարժ է նկատում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ