Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հարցին՝ չե՞ք կարծում, որ կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակում կա նաեւ ոստիկանության բացթողումը՝ պատասխանեց. «Ոչ մի պաշտոնատար անձ չի կարող խոսել, որ ինքը բացթողումներ չի ունեցել: Իհարկե, ունեցել ենք, բայց ես չեմ կարող չպնդել, որ ոստիկանությունը իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է, որ պարետի որոշումները կատարվեն պատշաճ: Ես մի իրավիճակի մասին պատմեմ, որից ցավ եմ ապրում, որը կարելի է բնորոշել՝ որպես համազգային խնդիր. ես դուրս եմ գալիս պարբերաբար մեր ծառայությունները ստուգելու անանուն կարգով ու տեսնում եմ, որ անցակետերում, մեր քաղաքացիները որտեղ տեսնում են խցանումներ են ու ենթադրելով, որ ոստիկանական ուժեր են կուտակված, դիմակը միանգամից սենց են անում ու անցնում նորից նախկին ռեժիմի»:
Ոստիկանապետն ասաց, որ չեն կարող ամեն քաղաքացու կողքը կայանեն, բակում ոստիկան կարգել. «Դա անտրամաբանական է: Մենք վարչական տույժեր ենք կիրառել, շուրջ 20 հազար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոնները պետք է պահել՝ սկսած ինձանից…Ոստիկանները Հայաստանի հասարակության մի մասն են, լուսնից չեն իջել, ապրում են բոլորիս հարեւանությամբ, ունեն նույն ավանդույթներով ապրելու, գործելու տրամաբանությանը բնորոշ խառնվածք: Մենք էլ այս ընթացքում կատարելագործվելով՝ պետք է այնպես անենք, որ մեզ համար էլ սա դառնա վարքագծի կանոն»:
Դիտարկումներին, որ դժվար չի՞ անընդհատ դիմակով, դժվարանում են շնչել՝ ոստիկանապետը պատասխանեց. «Ավելի լավ է դժվար շնչեն, քան Աստված մի արասցե, չշնչեն»:
Երբ հիշեցրին համացանցում տարածված այն լուսանկարը, որտեղ ոստիկանները ձեւական դիմակները իբր թե դրած իրար կողքի նստած են՝ ոստիկանապետն ասաց. «Տեսել եմ: Կարգապահական տույժեր այս պահին դեռ չունենք, բայց ունենք ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով ոստիկանների արարքին եւս կտրվի գնահատական: Չարդարացնելով մեր ոստիկաններին՝ կուզեմ տեղյակ պահել, որ այդ ոստիկանները մի ամբողջ օր՝ 8 ժամ դիմակով արեւի տակ ծառայել են ու հնարավոր է մի պահ քարին նստեն ու ֆիքսեն իրենց, որովհետեւ իրենք համազգեստով տարբերվում են: Չեմ արդարացնում առհասարակ»:
Կարդացեք նաև
Արման Սարգսյանը հորդորեց վատը տեսնելուն զուգահեռ նաեւ լավը տեսնել, որովհետեւ այս օրերին դեպք է եղել, որ բժիշկները խնդիր են ունեցել, չեն կարողացել գնալ, ոստիկանն է սպիտակ պաշտպանիչ հագուստով հիվանդի մոտ գնացել:
Հարցին՝ վարչապետի կողմից կա հանձնարարական, որ եթե պարետի որոշումներին չեն ենթարկվում, կիրառել ո՞ւժ՝ Սարգսյանը պատասխանեց. «Ոչ թե վարչապետի կողմից, դա օրենքի պահանջն է, եթե չեն ենթարկվում, մենք կարող ենք կիրառել ուժ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ