Հարսանիքում ոստիկանների, ԱԱԾ-ի հետ կապված բեմադրություն էին արել, նկարահանել էին, թե ինչպես են ոստիկանության եւ ԱԱԾ-ի աշխատակիցները «շնորհքով» ներխուժում հարսանիք: Այդ տեսանյութը, որը ֆեյսբուքյան իր էջում էր տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել:
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ առնչությամբ ասաց՝ ցավալի է, որ նման երեւույթներ են տեղի ունենում այսքան հորդորներից ու վարչարարություններից հետո. «Այսօր առավոտյան մենք պարզել ենք այդ տնտեսվարող սուբյեկտին, մեր կողմից կազմվել է արձանագրություն, արարքին տրվել է իրավական գնահատական եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կլինի»: Հարցին՝ ինչի՞ հետ է կապված այս անլուրջ մոտեցումը՝ ոստիկանապետը պատասխանեց, որ դրա մասին վերլուծություն չկա. «Տպավորությունը ստեղծում են ԶԼՄ-ները, ու չգիտեմ ինչու»:
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ նույն տեսանյութի հետ կապված արձագանքեց. «Դուք դրա արդյունքը այսօր կտեսնեք: Դա «Վիլլա» ռեստորանային համալիրում է եղել՝ Պտղնիում: Կարծում եմ, իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացման հետեւանքը կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ