Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, դիտարկում են դա բռնություն». ոստիկանապետ

Հունիս 05,2020 17:28

«2020-ի 5 ամիսների արդյունքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք դեպքերի նվազում 369 դեպքով, 3 տոկոսով կամ 54-ով աճել է հանցագործությունների բացահայտման դեպքերի ցուցանիշը: Արձանագրվել է սպանության 24 դեպք, չբացահայտված սպանության դեպք չունենք»,- այսօր ԱԺ-ում բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց ոստիկանության նյութատեխնիկական միջոցներից, ասաց, որ ոստիկանությունում սկսած թղթից, բենզինից, ամեն ինչը խնդիր է եղել, հիմա ի՞նչ վիճակ է: Արման Սարգսյանը պատասխանեց, որ ոստիկանությունը իր տնտեսած միջոցների հաշվին կարողացել է արդեն այդ խնդիրը լուծել:

Արման Սարգսյանը նշեց, որ նույնիսկ այն ոստիկանները, որոնք չունեն իրենց ամրակցված տրանսպորտային միջոց, ստանում են օրական 4 լիտր բենզինի հաշվարկով գումար, ամսվա վերջին իրենց հաշվին փոխանցվում է 120 լիտր բենզինի հաշվարկով գումար, որպեսզի կարողանան իրենց սեփական մեքենաներով կամ ուրիշի մեքենայով պատշաճ ապահովել իրենց վրա դրված պարտականությունները:

Ոստիկանապետը նաեւ ասաց, որ Երեւան քաղաքի վարչության եւ ենթակա տարածքային մարմինների աշխատակիցները պարգեւավճար են ստանում, որովհետեւ իրենց ծանրաբեռնվածությունը, եւ, ենթադրենք, Ամասիայի բաժնի աշխատակցինը, նույնը չէ, անարդար կլիներ, որ նույն չափով վարձատրվեին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց՝ ոստիկանների պահվածքի մասին քննադատություններ են հնչում ու այսօր էլ տարածվեց նման մի տեսանյութ. «Ոստիկանները քաղաքացուն գետնին են գցում ու ոստիկանության պաշտոնական պարզաբանումն այն էր, որ չի ենթարկվել ոստիկանի օրինական պահվածքին: Տեսանյութում երեւում է, որ քաղաքացին ասում է՝ թողեք, ես կգամ, բայց նրան գցում են գետնին ու արժանապատվությունը նվաստացնում են: Դա իրավաչափ գործելաո՞ճ եք համարում»:

Արման Սարգսյանը պատասխանեց, որ միանշանակ, իրավաչափ է համարում, քանի որ քաղաքացուն ասում են՝ կատարիր պարետի որոշումը. «Այն քաղաքացին, ով համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից սկսած՝ սկսում է ընդվզել եւ ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բաների մեջ, կներեք, կանխակալ դուրս չգամ… եթե այդ նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման այդ ոստիկանը կպատժվի պատիվը նվաստացնելու համար: Բայց ոստիկանն ունի ուժ կիրառելու լիազորություն, մենք տվյալներ ունենք այդ անձի հետ կապված, ճիշտ չի լինի բարձրաձայնեմ, բայց ովքեր կխախտեն օրենքը, ու որտեղ ոստիկանները կգտնեն, որ դրա պահանջը կա՝ պետք է ուժ կիրառեն: Մենք երկու ծայրահեղության մեջ ենք ընկնում, երբ որ ուժ չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ որ ուժ ենք կիրառում, դիտարկում են դա բռնություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930