Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:
-Ավելի քան երկու ամիս է, ինչ է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը ինֆեկցիոն հիվանդանոց է դարձել, ինչպե՞ս է բուժաշխատողների տրամադրությունը:
-Այս ընթացքում բուժաշխատողների հետ զրույցները միշտ միևնույն` դրական նոտայի վրա են եղել, կարող եմ հավաստիացնել, որ տրամադրության անկում չեմ նկատել, մարդիկ մինչև վերջ պայքարում են հիվանդների կյանքը փրկելու համար: Տրամադրության առումով խնդիր չկա, բայց այն պահից, երբ հիվանդների թիվը սկսեց մեծանալ, բուժաշխատողների զարմանքն էլ աճեց այն մարդկանց հանդեպ, որոնք անբռնազբոս կերպով խախտում են անվտանգությունը պահելու հրահանգները:
– Դուք էլ նկատած կլինեք, որ թերահավատություն կա կորոնավիրուսի հանդեպ, շատ բաներ համարում են չափազանցված:
Կարդացեք նաև
-Մարդիկ մտածելուն զուգահեռ ունեն նաև կասկածելու հատկություն, բայց եթե նժարի վրա ենք դնում անհիմն կասկածն ու հրաժարվում անվտանգության կանոններից, հրաժարվում ենք ինքնապաշտպանական բնազդից, ինչը ոչ միայն բնական չէ, այլեւ ոչ մի կերպ չի արդարացվում:
– Կասկածները կարծես ծագեցին նոր կորոնավիրուսի դեմ ընդդիմացողներից, գուցե մանիպուլյացիայի պահ էլ կա, բայց բավական ճշմարտանման և վիրուսի ոչ բնական ծագումը վերլուծող մարդիկ էլ կան:
-Երբ Վերակենդանացման բաժանմունքում տեսնում ես դիմահար պառկած մարդկանց, որոնց թոքերի փոխարեն սարքն է շնչում, Կորոնավիրուսի ծագումնաբանությունը սկսում է ավելի պակաս հետաքրքրել: Հաստատ տվյալ մարդու համար կյանքից կառչելն է օրհասականը, ոչ թե փիլիսոփայորեն մոտենալը, վիրուսի բնական, սինթեզված, միտումնավոր կամ անմիտում լինելը: Ի դեպ, սա վերաբերում է նաև բուժանձնակազմին, նրանք փաստի հետ գործ ունեն, պատճառները այլ տեղերում այլ մասնագետների ուսումնասիրման առարկան են:
– Արդեն բավականին շոգ է, հետաքրքիր է՝ ինչպես են ձեր բժիշկները դիմանում ամբողջովին փակ արտահագուստով:
-Գործի բերմամբ դրվագներ եղան, երբ ես էլ հագա բժշկական կոմբինեզոն, ստիպված մի քանի ժամ այն կրեցի: Թե այդ հագուստը, թե առավել ևս դիմակը երանելիների շարքին չեն դասվում, դրանք 24 ժամ կրելը, էլ չեմ խոսում ամիսներ կրելու մասին, բավական ծանր է: Մեր բուժաշխատողները դիմանում են: Այս իմաստով բավական վիրավորական է բժիշկների աշխատանքի հանդեպ ֆեյքային քամահրանքը, ինչը, ի դեպ, բնորոշ է ոչ միայն հայկական իրականությանը:
-Ֆեյքեր, խուճապ առաջացնող գրառումներ, հրապարակումներ, ինչպե՞ս եք այդ ամենին վերաբերվում:
-Անլուրջ եմ վերաբերում, եթե սովորական պայմաններում մեկ-մեկ կարելի է ուղղորդված լուրերի հետ գլուխ դնել, դիմագրավել ֆեյքային գրոհները, ապա հիմա դա ժամանակավրեպ ու անպտուղ է: Մեր բուժկենտրոնում հիվանդներն օգտվում են ինտերնետից, և շատ տհաճ է անգամ պատկերացնելը, որ բուժվող մարդուն իր գտնվելու վայրի ու բուժական որակի վերաբերյալ երբեմն տեղեկատվական աղբ են հրամցնում:
-Այդտեղ միայն բուժաշխատողներ չէ, որ ամեն օր աշխատանքի են գալիս, ինչպե՞ս են իրենց զգում օրինակ հաշվապահները կամ այլ մասնագետները:
-Կարծում եմ առավել պաշտպանված, քան այն հիմնարկներում, որտեղ բուժաշխատողներ չկան:
-Եվ վերջին հարցը` ի վերջո դիմակ կրել, թե ոչ, մանավանդ երբ շատերը այն համարում են ընտանեկան բյուջեի չնախատեսված ծախս:
– Հայտարարվեց, որ թույլատրվում են նաև ոչ գործարանային, ինքնաշեն դիմակները: Չմոռանանք, որ հաճախ երեխայի մեկանգամյա տակդիրները լվացող և դրանք բազմակի օգտագործող ազգ ենք, այսինքն` հաջողությամբ ստացվում է գումար խնայել և հարցին լուծում տալ, այլ բան է, որ անհարկի դիմադրում ենք դիմակի հարցում: Այս ամիսներին շատերը թեստ հանձնելով յուրաքանչյուր տասնչորսերորդ օրը սպասել են հաջորդ 14-րդ օրվան` չնկատելով, որ գարունն անցավ, սա դիմակ չկրելու կամակորությունից վեր է…
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ