Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում մի խումբ քաղաքացիներ ընդդեմ Տիգրան Ավինյանի գործով դատական հերթական նիստն էր:
Հայցվորները, որոնք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի մասնակիցներն են, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից պահանջում են հերքել զրպարտություն համարող տվյալները, որը Ավինյանը կատարել է 2019-ի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ. « Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որն ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»:
Այսօր դատարանում հարցաքննվեց բնապահպան Անի Խաչատրյանը, որը նաեւ այս գործով հայցվորներից մեկն է: Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ Ավինյանի վերոնշյալ հայտարարությունն իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող է, քանի որ ինքը հանրության շրջանում ընկալվում է որպես այն անձանցից մեկը, որը պայքարում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ:
Հայցվորի ներկայացուցչի հարցին՝ երբեւէ ձեզ կատարվե՞լ է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում Ամուլսարի շահագործման դեմ պայքարի համար, Խաչատրյանը պատասխանեց. «Մենք կամավորներ ենք եւ այն միջոցները, որոնք օգտագործվում են պայքարի համար՝ սնունդ, տրանսպորտ, Ամուլսարի պոստերում մնալու համար կամ այլ պարագաներ ձեռքբերելու համար, բոլորը գոյանում են նվիրատվությունների միջոցով՝ տարբեր մարդկանց կողմից: Լինում են դրամահավաքներ, որոնց միջոցով հավաքվում է գումարը, հետո հաշվետվություն է ներկայացվում, ծախսերը թափանցիկ ներկայացվում են Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքի էջում, որն ունի 20 հազարից ավելի հետեւորդ»:
Կարդացեք նաև
Ի պատասխան մեկ այլ հարցի, վկա Խաչատրյանը հայտարարեց՝ նվիրատվությունների փոխանցումները կատարվել են Ֆիզիկական անձանց հաշվեհամարներին, իր հաշվեհամարին եւս կատարվել է փոխանցում. «Ու մենք հրապարակել ենք, թե որքան գումար է փոխանցվել ու ինչի համար է ծախսվել: Մարդիկ մեզ երկար տարիներ գիտեն, վստահում են, ոչ ոքի մոտ խնդիր չի առաջացել. ֆիզիկական հաշվեհամարներին է փոխանցել»:
Եղե՞լ են դեպքեր, որ այդ նվիրատվություններից օգտագործվեն ոչ թե կազմակերպչական աշխատանքների համար, այլ անձնական բնույթի որոշակի շահույթ պահվեր, այս հարցին ի պատասխան էլ Խաչատրյանն ասաց. «Եթե մենք սկսեինք այդ գումարներն օգտագործել մեր անձնական նպատակների համար, որոշ ժամանակ անց մարդիկ կդադարեին վստահել ու գումար փոխանցել: Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է, մեզ համար բնությունը պահպանելը փողերից էլ ավելին է: Երեւի հնարավոր չէր լինի ինձ այդքան բարձր աշխատավարձ տալ, որի համար ես այդքան գործ կանեի: Այս ամենը հնարավոր է անել հանուն բնության եւ գաղափարի»:
Թե Ավինյանի հայտարարության ո՞ր հատվածն է զրպարտություն համարում, դատարանի այս հարցին Անի Խաչատրյանը պատասխանեց՝ Ավինյանն ասում է, որ այս պայքարը ֆինանսավորվում է հանքարդյունաբերական ընկերության կողմից ու չէիք լսի Ամուլսարի մասին, եթե չլիներ այդ ֆինանսավորումը. «Մեր պայքարը կոնկրետ հանքարդյունաբերական ընկերության դեմ չէ, այլ հանուն Ամուլսարի: Մեր պայքարը չի ֆինանսավորվում որեւէ մեկի կողմից, առավել եւս՝ հանքարդյունաբերական ընկերության: Եթե Ավինյանը փաստեր ունի, ապա թող ներկայացնի»:
Դատարանի հարցին՝ արդյոք պայքարի համար բոլոր վճարումներից տեղյա՞կ է, բոլոր սուբյեկտների շրջանակին տիրապետո՞ւմ է, ճանաչո՞ւմ է, Խաչատրյանը պատասխանեց՝ հիմնականում տեղյակ է. «Ամուլսարի պայքարը դուրս է եկել Հայաստանի շրջանակներից, ես չգիտեմ՝ ուրիշ խմբեր ի՞նչ կարող են անել, ումից կարող են փող ստանալ, ինչ անել, մենք կոնկրետ այսքան տարի պայքարում ենք, ու կարող ենք մեզ համար վստահ ասել»:
Մենք ասելով, Խաչատրյանը հստակեցրեց՝ հայցվորները. «Երբ Ավինյանն ասում է՝ շարժումը ֆինանսավորվում է, այդտեղ երեւում եմ ես ու այն մյուսը, այն մյուսը: Ես կարող եմ իմ տեղը պատասխանել՝ ես անձամբ որեւէ հանքարդյունաբերական ընկերությունից ֆինանսավորում չեմ ստացել»: Մյուսները ստացե՞լ են, դատարանի այս հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Ես իմ տեղն եմ խոսում»:
Հայցվորներից մեկի հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանի հայտարարությունը որեւէ հետեւանք հետագայում ունեցե՞լ է, Խաչատրյանը պատասխանեց, որ Ավինյանի այդ հայտարարությունը Ամուլսարի հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը շատ ակտիվ օգտագործեց այն՝ ֆեյսբուքի իր էջում գովազդի միջոց, որպեսզի, ըստ Խաչատրյանի, վարկաբեկի պայքարի մասնակիցներին. «Դա արել է նաեւ վարչապետը ժամանակին։ Փոխվարչապետ մարդը մի քիչ պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար, ինքը չի կարող օդից խոսել։ Նա չի կարող անպատասխանատու հայտարարություններ անել եւ հետո էլ ասել՝ ապացուցեք, որ ձեր մասին է խոսքը, հակառակը, դու ապացուցի, որ մեր մասին չի խոսքը»։
Ի վերջո, դատարանը ապացույցները համարեց հետազոտված: Հայցվորի ներկայացուցիչը պնդեց՝ Ավինյանը խուսափողական վարքագիծ է դրսեւորում. «Ավինյանը չի ներկայանում դատական նիստերին, անձն ունի կոնկրետ պարտականություն՝ ապացույց ներկայացնելու, որ իր նշված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, որեւէ փաստական հանգամանք չի ներկայացրել դատարան, ուստի հայցը ենթակա է բավարարման»:
Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել, որով հայտնել է, որ դատական նիստերը կարող են տեղի ունենալ առանց իր եւ իր ներկայացուցչի, ուստի այս եւ նախորդող դատական նիստերն առանց Ավինյանի ներկայացուցչի էին:
Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց այս հունիսի 9-ը, ժամը 11:00-ին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ