Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ

Հունիս 05,2020 16:35

Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:

Այս պահին կարող ենք նշել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու կողմից դիմակ կրելու Պարետի որոշման պարտադիր պահանջի չկատարումը:

Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են:

Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը:

Օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է: Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով:

Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։ Ուստի, բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ:

Հ․Գ․ Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքացիներին նորից կոչ է անում անվերապահ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930