Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուծումը նոր սահմանադրության մշակումն է. «Ժառանգությունն» արձանագրում է` «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ ներքաղաքական դաշտում

Հունիս 05,2020 16:42

ՀՀ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել՝ փաստելով, որ անհնար է կեղծված Սահմանադրության առանձին կետի փոփոխության ճանապարհով կյանքի կոչել 2018 թ. համաժողովրդական շարժման արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը:

Իշխանությունը ականջալուր չեղավ հեղափոխության արժեքների ջատագով ուժերի և նրանց համախոհ հանրության պնդումներին, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է ազգային համաձայնության մթնոլորտում քաղաքական գնահատական տալ անցյալին՝ մշակելով նոր սահմանադրություն, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարման ողջ համակարգի ժողովրդավարական ընթացքը՝ իշխանությունն իրապես վերադարձնելով ժողովրդին:

Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու  ապարդյուն հանրաքվեից: Ի հեճուկս գործող օրենսդրական կարգավորումների՝ որոշվեց ԱԺ-ին օժտել իրավասությամբ չեղարկելու հանրաքվեն: Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն միայն իշխող խմբակցության ձայների շնորհիվ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի խնդրահարույց նախագիծը՝ ապացուցելով գործող խորհրդարանի գործունակության կորուստը:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ այս օրենսդրական փոփոխությունն ական է՝ տեղադրված ՀՀ ներքաղաքական դաշտում, այն խախտում է իշխանությունների տարանջատման և հակակշիռների ստեղծման ժողովրդավարական հիմնական սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով մեծամասնություն ունեցող ուժերին օրենքները ծառայեցնել խմբիշխանության պահպանման հատվածական շահերին:

«Ժառանգությունը» վերստին արձանագրում է՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման միակ օրինական ճանապարհը ազգային համաձայնության մթնոլորտում շահագրգիռ բոլոր ուժերի ներգրավմամբ նոր սահմանադրության հնարավորինս արագ և կազմակերպված մշակումն է և այս օրակարգով հանրաքվեի ապահովումը:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930