Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննա Նաղդալյան. Նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր են իրականացնել ՄԱԿ-ում

Հունիս 05,2020 16:15

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «NewArmenia» լրատվական գործակալության հարցերին

-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածուն մեկն է՝ Թուրքիայի ներկայացուցիչը. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել: Արդյոք 193 երկրներից միայն երեք երկրի պահանջով կիրականացվի՞ քվեարկություն:

-Նախ նշեմ, որ համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախնականորեն հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է:

Ինչպես նշեցիք, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ:

– Հայաստանն առաջին անգամ է քվեարկություն պահանջում, թե՞ ոչ:

-Եթե չեմ սխալվում, սա ՄԱԿ-ի պատմության ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության:

-Ընտրվելու դեպքում արդյոք սա առաջին դե՞պքն է լինելու, որ ԳԱ նախագահի պաշտոնը զբաղեցնի Թուրքիայի ներկայացուցիչը: Արդյոք Հայաստանի կողմից որևէ քայլ ձեռնարկվե՞լ է՝ ներկայացնելու հայկական կողմի մտահոգությունները:

-Պետք է նշեմ, որ մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլև մեր մի շարք միջազգային գործընկերներ:

Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները»:

Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին:

Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին:

ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930