Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում պաշտոնյաներ են կալանավորվել՝ Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով

Հունիս 05,2020 15:10

Ռուսաստանում պաշտոնյաներ են կալանավորվել՝ ՌԴ-ից Ադրբեջան երկակի նշանակության ռազմական արտադրանք մատակարարելու համար կաշառք վերցնելու գործով: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, Մոսկվայի Խամովնիկյան շրջանային դատարանը ձերբակալել է քրեական գործով անցնող երեք անձի, որոնք առնչություն ունեն Արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակցի կողմից կաշառք ստանալու հետ:

Հետաքննության տվյալներով՝ նախարարության ռազմատեխնիկական բաժնի հրամանատար Ռիզվան Գայրբեկովը 4.5 միլիոն ռուբլի է ստացել Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովից՝ Ադրբեջան երկակի նշանակության արտադրանքի մատակարարման համար ընկերությանը արտոնագիր տալու համար: Նշվում է, որ կաշառքի միջնորդ է եղել նրանց ընդհանուր ծանոթը՝ Օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Գարմաշը։

Չնայած այն հանգամանքին, որ կոռուպցիոն գործարքը սկսել են քննել դեռ մարտին, գործի հետ առնչություն ունեցող անձինք կալանավորվել են դատական նիստից ժամեր առաջ: Առաջինը երկու ամսով կալանավորվել է Վասիլի Կլեպալովը, որը մեղադրվում է կաշառք տալու համար: Դատարանը մինչև օգոստոսի 4-ը մեկուսարան է ուղարկել նաև նախարարության աշխատակից Ռիզվան Գայրբեկովին, որը ՌԴ 3-րդ դասի պետական խորհրդական է։

ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության արտասահմանյան պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության երկրորդ վարչության պետի տեղակալ Գարմաշը կալանավորումից անմիջապես հետո խոստովանական ցուցմունք է տվել: Նա գտնվում է տնային կալանքի մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930