Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյանը՝ «Իմ քայլին». Ձեզ մոտ իներցիայով դեռ ընդդիմադիրն է նստած

Հունիս 05,2020 15:01

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մինչև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղելը՝ արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Եղիշե Սողոմոնյանին։ Նա ասել էր, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի տեսնում կառավարության դրական աշխատանքը և միայն բացասականն է նշում։

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ընդդիմությունը կոչված չէ դրվատելու կառավարությանը, այլ պետք է կառավարության աշխատանքում գտնի թերություններ և բարձրաձայնի և քննադատի. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեր հարգարժան վարչապետը, նախկին ընդդիմության առաջնորդը դրվատեր նախորդ կառավարությանը, պատկերացնո՞ւմ եք նման սցենար։ Եթե նման սցենարով ընթանար, չեմ կարծում, որ դուք այսօր իշխանության կլինեիք, հետևաբար՝ պետք է բարեհաճ գտնվեք նաև այսօրվա ընդդիմության ձեր գործընկերների նկատմամբ, որոնք էլ իրենց աշխատանքն են կատարում, այն է՝ վերահսկում են կառավարության աշխատանքները, մատնանշում են թերությունները, ինչպես նաև առաջարկներ են անում»։

Այնուհետև Սերգեյ Բագրատյանը իր հարցը ուղղեց ֆինանսների նախարարին՝ նշելով, որ իր զեկույցում նշված է, որ 2019 թվականին փաստացի պայմանագրերի 66.4 տոկոսը կնքվել է մեկ անձից գնման ձևով. «Պարզ քաղաքացին կամ ընդդիմությունը լեգալ իրավունք ունի՞ հարցնելու՝ ինչո՞ւ են այդպիսի թվեր հրապարակված։ Ինչո՞ւ պետք է մեկ անձից գնումները այդքան մեծ թիվ կազմեն։ Լեգալ իրավունք ունե՞նք կասկածելու, որ այս թվերի մեջ վտանգներ կան, ռիսկեր կան, չի բացառվում, որ կոռուպցիա լինի։ Դա չի նշանակում, որ այդ կոռուպցիան վերաբերում է կոնկրետ Ձեզ կամ կոնկրետ վարչապետին կամ կոնկրետ որևէ անձի։ Սա նշանակում է, որ սա ռիսկային գործարք է։ Այսպիսի ռիսկային գործարքներ և այսպիսի մեծ քանակի, վստահ եմ, որ եթե ուսումնասիրենք, որևէ միջին զարգացած երկրում հնարավոր չէ, որ տեղի ունենա։ Այս թիվը պետք է իջնի առավելագույնը 2%, 3%, 5%, բայց ոչ 66 տոկոս։ Հիմա այդ հարցը գնահատեք։ Կարող եք ասել՝ այդպիսի վատ հարց ինչի՞ եք տալիս, պարոն Բագրատյան։ Կարող եք շատ լավ հարց տալ, ասեք, պարոն Ջանջուղազյան, էս ի՞նչ լավ ծախսեր եք արել, էս ինչ լավ կենսամակարդակ եք ապահովել։ Բայց մենք ընդդիմություն ենք, մենք պետք է սա անենք, որովհետև մենք՝ որպես քաղաքական ուժ որպես այդպիսին իշխանությանը հայտ ենք ներկայացնում, ընդդիմության նպատակը դա է։ Եվ հարցերի նպատակը այդտեղ փնտրեք։ Ինձ մոտ տպավորություն կա, որ ձեզ մոտ իներցիայով դեռ ընդդիմադիրն է նստած, և դուք զարմանում եք, որ ընդդիմությանը ո՞նց կարելի է քննադատել։ Մենք իշխանությանն ենք քննադատում, դուք արդեն իշխանություն եք, և հարցերի տրամաբանությունը պետք է ճիշտ պատկերացնեք»։

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենք որպես օրակարգային հարց տեսնում են փողի դիմաց առավելագույն արժեք ստանալու սկզբունքի առավելագույն կիրառությունը գնումների բնագավառում. «Հաշվետվությունը բացահայտումն է նրա, թե ինչ է տեղի ունեցել անցած տարի։ Հիմա, եթե մենք այստեղ այդ 66 հազարի փոխարեն մի կարգ սխալված լինեինք, և 6.6 գրած լինեինք, կեղծիք թույլ տված կլինեինք։ Այն դեպքում, երբ որ Դուք ասում եք՝ ձեր խնդիրը քննադատելն է, պետք է Ձեզ ասեմ, որ մենք մեզ ավելի դաժանորեն ենք քննադատում երբեմն։ Եվ հետևաբար՝ մենք ինքներս մեզ համար այդպիսի խնդիր ձևակերպել ենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930