Լրահոս
Օրվա լրահոսը

«Վտանգավոր են ՀՀ-ից հնչող՝ Ադրբեջանին հարձակվել խրախուսող կոչերը». «Իմ քայլի» պատգամավոր

Հունիս 05,2020 13:56

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, պաշտպանության նախարարի, պատգամավորների եւ այլ պաշտոնյաների մակարդակով վերջերս ակտիվացել են ռազմատենչ կոչերը: «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ դրանք Ադրբեջանի ներքին լսարանին ուղղված կոչեր են: «Ադրբեջանը կարանտինային խիստ ռեժիմում է, դիմակ չկրողները տուգանվում են, ներքաղաքական գործընթացներ կան: Կարծում եմ՝ Ադրբեջանը չի գնա նման արկածախնդրության: Միջազգային հանրությունը չպետք է անարձագանք թողնի Ադրբեջանի նման հայտարարությունները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց պատգամավորը:

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ վտանգավոր են նաեւ հենց ՀՀ-ի ներսում հնչող այն կոչերը, որոնցով Ադրբեջանին խրախուսում են օր առաջ հարձակվել. «Աբսուրդ է, որ նման մարդկանց հարթակներ են տրամադրվում: Իրավիճակն այնպիսին չէ, որ կարող ենք մեզ թույլ տալ նման թշնամական ձեւով դիրքավորվել սեփական երկրի հանդեպ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ». Տաթեւիկ Հայրապետյանի ակնարկի հասցեատերը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՖԲ իր էջում մասնավորապես պարզաբանել է. «Հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ այնքան թուլացել ենք, որ Ադրբեջանի համար գալիս է այն պահը, որ երբ հարձակվի՝ հաղթելու է աներկբայորեն։ Եվ ճիշտ էլ կանի (իր տեսակետից), քանի դեռ Հայաստանում կառավարման այս մակարդակն է։ Հետո տվել եմ լուծումներ ինչպես համավարակի առումով, այնպես էլ ներքաղաքական, որպեսզի վերը նշած վտանգը չեզոքացվի։ Պահ, պահ, պահ՝ այս ի՞նչ ես արել, Բագրատյան։ Բա ի՞նչ անեմ։ Ովքեր չնչին գաղափար ունեն հայոց լեզվից՝ հստակ հասկանում են, որ խոսքի նման շարահյուսությունը ուղղված է հայկական հասարակությանը, այլ ոչ թե Ալիևին։ Տեսեք. այն այսօրվա հայկական իշխանությանն էլ չի ուղղված։ Սրանք ամեն ինչ գիտեն։ Կարիքը չկա։ Բա ուրիշ ի՞նչ ձև կա, երբ ֆեյսբուքում դեռևս մարտին 78 էջ մասնագիտական նյութ ես գրում, իրենք իրենց ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում։

Հիմա հանրապետությունը վարի է տրված։ Կառավարությունն անբան է և չի ուզում պայքարել վարակի դեմ։ 2 սցենար կա. կամ, այնուամենայնիվ, կառավարությունը անցնում է աշխատանքի և իրապես պայքարում է վարակի դեմ ինչպես հարկն է, կամ էլ բոլորս վարակվում ենք։ Հիմա ընթանում է 2-րդը։ Վարչապետը ձեռքերը լվացել է և իր ֆեյսբուքի էջում մարդաշատ տեսարանների նկարներ է հրապարակում. ի՞նչ անեմ, ասում է, մեր ժողովուրդը սա է։ Այն ժողովուրդը, որն իրեն իշխանության է բերել։ Մարդը հիմա էլ ասում է՝ ժողովրդին փոխեք, դրանից հետո վարակը կհաղթահարենք։ Ահա ո՞վ է դավաճանը։ Թաղման նկար է հրապարակում և ասում. ի՞նչ կարող ես անել։

Բա դո՞ւ ես վարչապետը։ Գոնե տեսե՞լ ես, թե ինչպես են Աֆրիկայում թաղում էբոլայի պարագայում։ Կամ Իտալիայում ու Ֆրանսիայում։ Բա տես։ Սովորի։ Ուրեմն իմացիր. երբ որևէ համաճարակ այնպիսի մասշտաբներ է հավաքում, ինչպես Հայաստանում, ապա պետությունները արգելում են նույն այդ մասսայական թաղումները, ստեղծում են հատուկ ծառայություն։ Լավագույն դեպքում հանգուցյալի 1-2 հարազատի են թույլ տալիս դրան մասնակցելու։

Մարտի 16-ից ԱԴ եք մտցրել։ Կարո՞ղ եք բացատրել այդ ԱԴ-ում ի՞նչն է արտակարգ եղել։ Երբևէ տեսե՞լ եք, որ համաճարակի դեպքում ԱԴ մտցնեն և կարանտին չլինի. իսկական կարանտին։ Այդ ո՞ր երկրում են ԱԴ մտցնում և 75 օրում վարակակիրներն ավելանում են 400 անգամ։ Այդ ժամանակաշրջանը փաստորեն փուստ տվիք։ Հիմա էլ սկսել եք փնովել ժողովրդին. գիտակցում եք, որ վաղը պատասխան եք տալու և նախօրոք ալիբի եք ստեղծում։

Էտ էլ չլինի հերվանը, երբ այս աղքատ ժողովրդին գրգռեցիք, թե բա չեք իմացել թալանը, սեփականաշնորհումը։ Անգամ ես էի հավատացել։ Ի՞նչ իմանայի, որ մի 2 տարում ավելի քան 200 մլն դոլարի ինքներդ ձեզ պարգևատրելու եք, մաքսանենգ ծխախոտ ու զենք արտահանեք, օրենք եք ընդունելու և կառավարությանն առանց օրենսդիրի բյուջեն ինքնուրույն ծախսելու, վարկեր ու արտոնություններ տրամադրելու իրավունք եք տալու և այլն։

Ժողովուրդ ես ճիշտ տեղն եմ խփել։ Ձեզ չեմ ցավեցրել, այլ իշխանություններին։ Բա ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս ահազանգեմ։ 3 ամիս սուս ու փուս գրում էի առաջարկներս։ Այսօրվա օրը կանխատեսել էի։ Հիմա էլ ավելի վատ օրեր եմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930