Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորգիսյանը՝ Ջանջուղազյանին. Ամեն ինչից խոսում եք, բացի՝ պատճառներից

Հունիս 05,2020 13:40

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում նկատեց, որ բոլոր ոլորտներում թերակատարումներ կան, ընդ որում՝ նաև որոշ ոլորտներում, որոնք կառավարությունը համարել էր առաջնային, կան բավականին մեծ թերակատարումներ։ Իսկ ծրագրերից 6-ը ընդհանրապես չեն կատարվել։ Նա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե դա ուղղակի վատ պլանավորման արդյո՞ւնք է, թե՞ կային ինչ-որ օբյեկտիվ պատճառներ։

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Դուք վերցրել եք այն, ինչը որ քիչ առաջ ես ներկայացրեցի։ Ես ասացի, որ ծախսերի մասով մենք ունենք 92.4 տոկոս կատարողական։ Եվ այդ ցուցանիշը, այո, ինչ-որ տրամաբանությամբ բախշված է բոլոր ոլորտների մեջ։ Բայց այդ 92.4-ը ճշտված ծրագրի համեմատությամբ է։ Եթե մենք նայում ենք ի սկզբանե ծրագրի համեմատությամբ, ապա դա 99 տոկոս է։ Եվ հիմա այն ցուցանիշները, ինչի մասին Դուք ասում եք, այո, դրանք էլ ճշտված ծրագրի համեմատությամբ են։ Եթե մենք վերցնենք այն, ինչ ի սկզբանե հաստատված էր, ոչ թե այն, ինչ որ ավելացվել է ի հաշիվ նրա, որ լրացուցիչ հարկային եկամուտներ են տարվա ընթացքում գեներացվել և լրացուցիչ հնարավորություններ են ընձեռվել, ապա կատարողականը կլինի ոչ թե 92.4 տոկոս, այլ 99 տոկոս»։

Գևորգ Գորգիսյանը արձագանքեց. «Բյուջեն հաստատվել է, հետո ունենալով լրացուցիչ միջոցներ, կառավարությունը ճշգրտում է մտցրել։ Ու փաստացի կառավարությունը չի կարողացել այդ լրացուցիչ միջոցները ծախսել, որոնք տարբեր ծրագրերով գնալու էին տնտեսության մեջ և բարելավելու էին քաղաքացիների կյանքը։ Հիմա կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ կառավարությունը չի կարողացել այդ գումարները ներդնել տնտեսության մեջ։ Դուք ամեն ինչից խոսում եք, բացի՝ այդ պատճառներից, կարևոր է այդ պատճառները հասկանալ՝ կառավարությունը ինչո՞ւ եղած փողը, ըստ որի արդեն շտկումներ է կատարել, չի կարողացել ծախսել, ինչպես որ պլանավորել էր»։

Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ անարդար էր գնահատականը, թե ինչը ամեն ինչից խոսում է, բացի պատճառներից. «Դուք ոչ թե ուզում եք լսել, բայց ուզում եք արձանագրել այն, ինչ քիչ առաջ արեցիք՝ Ձեր հարցը ձևակերպելիս, որ չենք ասում, որ կառավարությունը չի կարողացել անել այս։ Դուք դա արձանագրում եք, դրա համար առանձնապես իմ ասելու կարիքը չկա։ Ուղղակի ես կարող եմ չհամաձայնել Ձեր հետ, որովհետև երբ որ Դուք ասում եք, որ կառավարությունը ճշտել է ծրագիրը, բայց չի կարողացել դա անել, ես քիչ առաջ շատ երկար, ինձ թվաց, այնքան երկար, որ անհարմար էի զգում, մանրամասնեցի, թե ինչ նպատակ է հետապնդել այդ լրացուցիչ միջոցներ, հատկացումներ նախատեսելը։ Դա նաև շատ մանրամասն քննարկվել էր 2020 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս, թե ինչու է անհրաժեշտ լրացուցիչ այդ հավելվածը, որ 60 միլիարդ դրամ ծավալ է։ Մենք խնդիրների մասին, երբեք չենք խորշել խոսել։ Եվ ասացի նաև այդ մասին, որ մենք ունենք ծրագրերը կառավարելու, դրանք ընդհանրապես մշակելու, կառավարելու, և մյուս կողմից էլ այն տնտեսվարողներն էլ, որոնք այդ ծրագրերի իրականացնողներն են, նույն ծավալը կլանելու կարողությունները զարգացնելու, իրար հետ միասին մեր մարզվածության աստիճանը փոխելու։ Հիմա եթե Դուք դրանից հետո ասում եք, որ ես այդ պատճառների մասին չեմ խոսում, ես այստեղ Ձեզ ոչնչով չեմ կարող օգնել, անկեղծ ասած»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930