Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի եւ Փաշինյանի հրապարակած նկարների մասին

Հունիս 05,2020 13:16

«Շատ լավ եմ վերաբերվել Դավիթ Անանյանի պաշտոնավարմանը: Երեւի նրան քիչ ենք քննադատել, կամ չենք քննադատել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա Անանյանի հրաժարականից զարմացած է. «Եթե այն, ինչ մամուլում է գրված, ճիշտ է, այսինքն՝ եթե նրան իսկապես ազատել են մաքսատանը եղած հերթերի եւ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար, դա աբսուրդ է»:

Մարուքյանի խոսքով՝ նման բանի համար բարձրաստիճան պաշտոնյանի չեն ազատում. «Եթե ազատման տակ այլ բան կա, մի բան ասեմ՝ ՀՀ-ում ազատվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց որեւէ մեկիս բացատրություն չի տրվում: Նախկին՝ արատավոր կառավարման համակարգում նշանակումներն ու ազատումները փակ էին, հիմա էլ այդպես շարունակվում է: Հիմա ո՞վ գիտի, թե բնապահպանության նախարարն ինչու հրաժարական տվեց: Ոչ ոք: Ժողովրդի իշխանությունը բացատրություն չի տվել»:

Ինչ վերաբերում է փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում հրապարակում է օգտատերերի ուղարկած՝ առողջապահական կանոնների խախտումները փաստող լուսանկարները, այդ թվում՝ ՊԵԿ մաքսատնից, Մարուքյանը հարցադրում արեց՝ եթե վարչապետի էջում, օրինակ, բանկերի հերթերի լուսանկարները հրապարակելուց հետո են միայն հերթերը կարգավորվել, բա մինչեւ այդ պատկան մարմիններն ինչո՞վ էին զբաղված:

Մարուքյանի բնորոշմամբ՝ լուսանկարների հրապարակմամբ վարչապետն անձամբ է զբաղվում, բայց հրապարակվել են նաեւ լուսանկարներ, որոնք խախտում են անձնական կյանքի եւ տվյալների իրավունքը. «Չի կարելի նման բաներ: Ժողովրդավարական երկրում դրա արդյունքում ճգնաժամ կլիներ, իսկ ՀՀ-ում չկա: Մի նկար հեռացվել է, բայց օգտատերերը տարածում են: Վարչապետը սխալը հասկացել է ու հեռացրել, բայց մի արեք նման բաներ, ժողովուրդ»:

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ շեշտեց՝ դեպք է եղել, երբ մի քաղաքացի ծեծել է իրեն լուսանկարել պատրաստվողին, եւ ատելության նման մթնոլորտի համար կառավարությունը վերջապես պետք է քայլեր ձեռնարկի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930