Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ է. Աֆրիկա զենք տանող հայկական ավիաընկերություն չի եղել». Գորգիսյանը ձախողումներում Ռեւազյանին է մեղադրում

Հունիս 05,2020 13:05

«Քաղավիացիայի կոմիտեի խայտառակ ձախողումների առնչությամբ կառավարությունը եւ մերձիշխանական աղբյուրները տարբեր ստեր են շրջանառում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա պնդեց, որ վերջերս ԵՄ-ի ավիացիոն սեւ ցուցակում հայտնվել է հենց ՀՀ-ն, ոչ թե որեւէ կոնկրետ ավիաընկերություն. «Հիմնավորումն էլ այն է, որ քաղավիացիայի կոմիտեն, որպես պետության ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովելու ինքնաթիռների անվտանգության կանոնները եւ վերահսկելու, որպեսզի ավիաընկերություններն իրականացնեն անվտանգային բոլոր նորմերի պահպանումը: Այդ ստուգումները նոյեմբերին էին իրականացվել: Եթե դեռեւս այդ ժամանակ լսեին վարչապետի խորհրդական Ճաղարյանի խորհուրդները, հնարավոր կլիներ կասեցնել սեւ ցուցակում հայտնվելը: Բայց կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի հանցավոր անգործության պատճառով ՀՀ-ն հայտնվել է սեւ ցուցակում»:

Հավելենք՝ Տաթեւիկ Ռեւազյանն օրերս կրկին պարզաբանել էր քաղավիացիայի շուրջ իրավիճակը: Ավելի վաղ նա նշել էր, որ հայկական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքներն արգելելու գործընթացում կոմիտեն ունեցել է իր թերացումները:

Ըստ Գորգիսյանի՝ խնդիրներ իրականում ունեցել են ոչ թե ավիաընկերությունները, այլ քաղավիացիայի կոմիտեի ղեկավարությունը:

Պատգամավորի բնորոշմամբ՝ շահարկվում է նաեւ թեման, թե հայկական փոխադրողներն իբրեւ ժամանակին դեպի Աֆրիկա զենք են փոխադրել. «Դա բացահայտ սուտ է: Չի եղել հայաստանյան ավիաընկերություն, որը զենք է տարել Աֆրիկա: Եղել է ավիափոխադրող, որը բեռնափոխադրումներ է իրականացրել աֆրիկական ընկերություններում: Ինչ-որ փուլում հայ օդաչուներին, ոչ թե ավիաընկերությանը, մեղադրանք է ներկայացվել միգուցե զենքի փոխադրման հետ կապ ունենալու համար, որը քաղաքական հարց է եղել եւ դատարանով չի ապացուցվել: Հայ օդաչուներն արդարացվել են: Այս ամենով արդարացնել սեփական ձախողումը, հայկական ավիաընկերությանը պիտակավորել որպես զենք փոխադրող, անթույլատրելի է, խայտառակություն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930