Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան. Հարկային համակարգի փոփոխությունները անհամեմատ ավելի նշանակալի են ներդրողի համար

Հունիս 05,2020 12:50

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում հետաքրքրվեց, թե ինչո՞վ է բացատրում փաստը, որ կառավարությունը իր քաղաքականության գերակա ուղղություն համարող ներդրումների ներգրավման ոլորտի համար ընթացիկ տարում ծախսերը թերակատարել 81 տոկոսով։ Նա նկատեց, որ նախորդ տարի կառավարությունը վարչապետի մակարդակով հայտարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Եվ իրենք պատկերացնում էին, որ պետք է մշակվի շատ լուրջ գործիքակազմ, հատկապես՝ ներդրումների ներգրավման ուղղությամբ։

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Տնտեսական հեղափոխության՝ ձեր պատկերացմանը բյուջեի կատարողականի չհամապատասխանելը կարծում եմ՝ բացատրություն ունի, որովհետև Դուք հիմա առանձին վերցրած մի ներդրումային միջավայրին վերաբերվող ընդամենը մի ծրագրի, մի միջոցառման կատարողական ներկայացրեցիք։ Մենք, իհարկե, առիթ կունենանք առաջիկայում մեր բոլոր միջոցառումների կատարողականին անդրադառնալ, բայց դա ոչ մի պարագայում չի կարող գնահատվել ներդրումային միջավայրի տեսակետից միակ և ամենանշանակալի միջոցառումը։ Ինչո՞ւ, որովհետև ներդրողի համար ոչ միայն էական է, թե պետական բյուջեում ինչ միջոցառում է իրականացվում և հատկապես այդ միջոցառման թվային ցուցանիշը, այսինքն՝ կատարված վճարումը ի՞նչ չափի է։ այսինքն՝ ինչպիսի՞նն է ընդհանրապես ներդրումային միջավայրը»։

Նա ընդգծեց, որ հարկային համակարգի փոփոխությունները անհամեմատ ավելի նշանակալի միջոցառում է ներդրումային միջավայրի տեսանկյունից և ներդրողի համար, քան նշված կոնկրետ միջոցառման կատարողականի ցուցանիշը. «Որովհետև երբ որ մարդը գիտի, որ նախորդ տարի իր աշխատածի արդյունքում գոյացած շահույթից վճարելու էր 20 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 18 տոկոս, դա անհամեմատելի ավելի նշանակալի գործոն է իր՝ որոշում կայացնելու համար ներդրում կատարելու տվյալ տնտեսության մեջ, թե ոչ։ Երբ որ մարդը գիտի, որ պաշտպանված է, կամ չունի ռիսկ, որ իր հետ կլինի անարդար մրցակցություն համանման տնտեսավարում իրականացնող այլ սուբյեկտների կողմից, դա անհամեմատ ավելի կարևոր գործոն է, քան Ձեր նշած միջոցառումը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930