Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիասթափեցնելու եմ Անդրանիկ Քոչարյանին. նման բան թույլ չենք տա». Գորգիսյանը՝ ապրիլյան հանձնաժողովի մասին

Հունիս 05,2020 12:26

Խորհրդարանական ընդդիմությունը 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջին շրջանի աշխատանքին չի մասնակցել: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը նշեց. «Ամեն ինչ կարծես կառուցողական էր, բայց վերջին պահին մեր գործընկերները փոխեցին իրենց մոտեցումը: Վերջին երկու նիստերը մենք բաց ենք թողել: Իհարկե, հետո տեսագրություններին ծանոթացել ենք, բայց չգիտես ինչու Անդրանիկ Քոչարյանը, երբ միայնակ կամ «Իմ քայլի» անդամների հետ փորձում էր ամփոփել հանձնաժողովի աշխատանքը՝ առանց ներգրավելու ընդդիմության որեւէ ներկայացուցչի, նշեց, թե իբրեւ մենք այլեւս հետաքրքրված չենք աշխատանքով, այդ պատճառով մեզ չեն ներգրավել: Ասեմ, որ դա բացարձակ սուտ է: Մենք մասնակցել ենք նիստին, որի ընթացքում քննարկել ենք Բակո Սահակյանի հետ զրույց ունենալու հանգամանքը: Դրա իրականացումը տեղի է ունեցել առանց մեզ ասելու եւ առանց մեզ ներգրավելու»:

Գորգիսյանի խոսքով՝ սա կառուցողական եւ գործընկերային մոտեցում չէ, այլ մենիշխանություն. «Դրան են ձգտում մեր գործընկերները բոլոր ոլորտներում: Միայն այն փաստից հետո, երբ շատ լրագրողներ են ինձ զանգում եւ հարցնում՝ Բակո Սահակյանի հետ զրույց եղե՞լ է, պարոն Քոչարյանը բարեհաճում է տեղեկացնել հարցաշարի մասին, որը քննարկվել է Բակո Սահակյանի հետ: Սա բացառիկ դեպք է, երբ ընդդիմությունը չի մասնակցել հարցաշարը կազմելուն»:

Ամփոփելով՝ Գորգիսյանը մտահոգություն հայտնեց, որ հանձնաժողովի զեկույցը կազմելիս փորձելու են լռեցնել ընդդիմությանը. «Բայց հիասթափեցնելու եմ Անդրանիկ Քոչարյանին եւ նրանց, ովքեր դրդում են նրան նման քայլերի: Դա չի լինելու, եւ ընդդիմությունը շարունակելու է ներգրավված լինել այդ կարեւոր աշխատանքում»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը երեկ ավարտվել է օրենքի ուժով, եւ առաջիկայում զեկույցը պետք է պատրաստվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930