Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումը պետք է լինի գործազրկության նպաստի վերականգնումը». «Հրապարակ»

Հունիս 05,2020 12:40

Պաշտոնական վիճակագրության մեջ տեսանելի են COVID-19-ի սոցիալական հետեւանքները: Հունիսի 3-ին ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն առցանց բրիֆինգի ժամանակ հրապարակեց տվյալներ, որոնք վկայում են, որ 12 տոկոսով աճել է գործազրկությունը: 2020 թվականի հունվարին գրանցված աշխատողների թիվը, որոնք աշխատավարձ են ստացել եւ եկամտային հարկ վճարել, կազմել է 604 740, փետրվարին՝ 619 001, մարտին՝ 621 544, իսկ ապրիլին՝ արդեն 547 185, այսինքն, 74 հազար 359 մարդ:

ՊԵԿ-ից պարզաբանում են. «Դա չվճարված աշխատողների թվաքանակն է, սակայն նրանք աշխատանքից ազատված չեն, պարզապես համավարակի պայմաններում նրանք չեն վճարվել»: Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե գործատուները հարկադիր պարապուրդի ուղարկվածների կարիքը որքան ժամանակ չեն ունենա: Պետք է նաեւ հաշվի առնել, որ թվերը չեն ներառում աշխատանքի սեւ շուկայի անկումը, եթե կարելի է այդպես ասել: Թե նրանց որ մասն է կորոնավիրուսի տարածումից հետո զրկվել աշխատանքից, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ այդպիսիք շատ են: Հայաստանում 40 տոկոս ոչ ֆորմալ զբաղվածություն կա՝ չգրանցված աշխատողներ:

Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը կարծում է, որ սա պարզ մանիպուլյացիա է, եւ իրականում այս 74 հազար 359 հոգին աշխատանքը կորցրածներն են: «Այս աշխատողները հիմա, միանշանակ, չկան: Նրանք, ովքեր գտնվում են հարկադիր արձակուրդում, առանձին են նշվում: Դրանք 31 հազար են, որոնք ապրիլին չեն ստացել իրենց աշխատավարձը: Սրանք չեն մտնում 74 հազարի մեջ: 31 հազարն ունի աշխատանքից ազատման ռիսկ: Եթե սրանց էլ գումարենք չգրանցվածների գործազրկությունը, ապա ստացվում է, որ ՀՀ-ում առկա 220 հազար գործազուրկներին ավելանալու է եւս մոտ 100 հազար գործազուրկ, ինչը չափազանց մեծ թիվ է»,- ամփոփում է Թադեւոս Ավետիսյանը: Ըստ նրա, մայիսին ունենալու ենք իրական գործազրկության շեշտակի՝ մոտ 60 տոկոսանոց աճ:

Մարտին, երբ հայտարարվում էր, որ ավելացել է գրանցված աշխատողների թիվը, եւ մեծ պաթոսով սա ներկայացվում էր որպես մեծ ձեռքբերում, նա զգուշացնում էր, որ դեռեւս վաղ է խոսել այս մասին, որովհետեւ գործատուները դեռ 1 ամիս ունեն՝ օրենքով աշխատանքից ազատվածներին ծանուցելու համար: «Ահա, ապրիլին մենք տեսնում ենք գրանցված աշխատողների շուրջ 12 տոկոս կրճատում: Կարծում եմ, նման ցուցանիշ ունենալու ենք նաեւ մայիսին»,- հաջորդ կանխատեսումն է անում Ավետիսյանը: Զբաղվածության 12 տոկոսանոց անկումն ուղիղ համեմատական է տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ, որը 2020 թ․ ապրիլին, 2019 թ․ ապրիլի համեմատ, կրճատվել է 17,2 տոկոսով: «Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլին մենք ունենք տնտեսական ակտիվության կրճատում 1,7 տոկոսով՝ նախորդ ամիսների աճը ներառյալ»,- կանխատեսում է Թադեւոս Ավետիսյանը:

Նա կարծում է, որ միանվագ օգնությունները թոզփչոցի են, քանի որ մարդիկ կորցրել են ոչ թե մեկ, այլ մի քանի ամիսների աշխատավարձը: «Սրա լուծումը պետք է լինի գործազրկության նպաստի վերականգնումը»,- ասում է նա:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930