Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարուխանյան. «Բոլորս զգում ենք հանրության աջակցության կարիքը». «Հրապարակ»

Հունիս 05,2020 12:10

Թեեւ իշխանության ներկայացուցիչներն իրենք են արդեն հայտարարում, որ Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, մեղմ ասած, վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ու վարակակիրների թիվն օրեցօր աճում է, եւ այդ իրավիճակը համեմատում են պատերազմական իրադրության հետ, այդուհանդերձ, իշխող թիմը խիստ կարանտինային ռեժիմին վերադառնալու անհրաժեշտություն գոնե այս պահին չի տեսնում:

ԱԺ առողջապահության հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեեւ կարծում է, որ ճիշտ կլինի խիստ կարանտինին վերադառնալը, բայցեւ ուրախությամբ նշում է, որ մարդկանց կուտակումների լուսանկարները վարչապետի էջում հրապարակվելուց հետո իրավիճակի էական բարելավում է նկատվում. քաղաքացիներն ավելի զգոն են դարձել։

– Եթե հենց այս պահին խիստ սահմանափակումների անհրաժեշտություն լիներ, պարետատունը նման որոշում կկայացներ, բայց, փաստորեն, մենք այն իրավիճակն ունենք, որ դեռ պետք չէ: Մենք հանրությանը կոչով դիմում ենք, հիմա ես գնալու եմ Գյումրի եւ հետեւելու եմ, որ մեր տարածքում պահպանվեն կանոնները, որոնք սահմանել է պարետատունը: Բազմաթիվ ճանապարհներից մենք այս պահին սա ենք ընտրել, եւ բոլորս զգում ենք հանրության աջակցության կարիքը: Պետք է բոլորս հաղթահարենք այս վիճակը:

– Մի քանի ամիս է՝ նման կոչեր են հնչում, թե՞ հակառակը՝ որ սովորական վիրուս է եւ այլն, բայց իրավիճակն ավելի է վատանում, հիմա նորից կոչ անելը որքանո՞վ է տեղին:

– Եթե զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում, ես ավելի խիստ միջոցների կողմնակից եմ, բայց այս ընթացքը նրա համար էր, որ մենք պարբերաբար խոսելով հանրության հետ՝ փորձել ենք փոխադարձ կապը հաստատել՝ իշխանություն-հանրության, որպեսզի վիրուսի լրջության կարեւորությունը լինի, հիմա մարդիկ լուսանկարներ են ուղարկում, վարչապետը տեղադրում է իր էջում, եւ ավելի լոկալ է հարցերին լուծում տրվում:

– Ասացիք՝ կողմ եք խիստ կարանտինային ռեժիմին, ինչո՞ւ պարետատունը նման որոշում չի կայացնում:

– Ես, օրինակ, մեր տարածքում մի քանի տնտեսվարողի հետ եմ խոսել, մարդիկ բառացի ասել են՝ եթե սահմանափակումները սպասարկման ոլորտում մեկ ամիս էլ շարունակվեին, իրենք կփակեին իրենց օբյեկտները: Այստեղ տնտեսության հարցն է, վիրուսն արդեն իսկ էական վնասներ է հասցրել տնտեսությանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930