«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն գրեթե երեք ամիս է՝ համաճարակի հետևանքով երկիրն արտակարգ դրության ռեժիմում է: Գնահատելով մարտահրավերի սկզբնական փուլն ու արդեն առկա իրավիճակը՝ ի՞նչ եք կարծում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ կառավարում է իրականացվել մինչ այս: Կառավարման հատկապես ո՞ր խնդիրներն առավել ցայտուն դարձան:
– Փաստացի, պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որը համաճարակային իրավիճակում պարզապես աղետալի հետևանքների կարող է բերել։ Այսօր մենք արդեն ունենք այդ աղետալի վիճակը տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ առողջապահական։ Պետությունն իր նախկին ամրության, արդեն ձևավորված ավանդական ինստիտուտների շնորհիվ դեռևս դիմակայում է, սակայն վերին օղակների անկազմակերպ և առաջնահերթությունների անհասկանալի սանդղակով առաջնորդվող գործողությունները շատ են թուլացնում մեզ։
– Մի կողմից կա առողջապահական վտանգ, մյուս կողմից՝ սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելու հրամայական: Իշխանությունը մինչ այս պահը որքանո՞վ կարողացավ բալանսավորված կառավարում իրականացնել, որ նշված հանգամանքերից բխող հետևանքները նաև մոտ ապագայում հնարավորինս մեղմ լինեն:
Կարդացեք նաև
– Եկեք չմոռանանք, որ մենք մոտ երկու ամիս գտնվել ենք բավականին խիստ կարանտինի մեջ։ Սահմանափակված էին տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներ։ Այդ ժամանակը պետությունը պետք է օգտագործեր՝ առողջապահական ինստիտուտները, թեստավորման համակարգը, հանրային ահազանգման, տեղեկատվական բոլոր ռեսուրսները համակարգելու, պատրաստ վիճակի բերելու համար, որպեսզի, երբ արդեն կարանտինը թուլացվեր, մենք կարողանայինք բոլոր առումներով ավելի պատրաստ լինել։
Բայց փաստացի ստացվեց, որ մենք այդ երկու ամսում որևէ նոր ռեսուրս չկուտակեցինք, ավելին՝ սպառեցինք տնտեսության կողմից առողջապահության ոլորտին տրված այդ բուֆերային ժամանակը՝ առանց պատշաճ կերպով նախապատրաստվելու, և հանկարծ մայիսին բացեցինք գրեթե ամեն ինչ՝ առանց նախապես այդ բացվելուն պատրաստ լինելու։ Ես և իմ կազմակերպությունն այդ շրջանում բազմիցս նախազգուշացրել ենք այսօրվա հետևանքների մասին, կոչ ենք արել՝ պահպանել սահմանափակումների ռեժիմը՝ աճող թվերի պարագայում փոխել ողջ մարտավարությունը։
Իշխանությունը, ցավոք, ամեն ինչ գլխիվայր ձևով արեց, ես դա ասում եմ իրոք ցավով, քանի որ դա հարվածեց մեր երկրին, մեր տնտեսությանը և, ամենակարևորը, մեր քաղաքացիների առողջությանը, վտանգեց հազարավոր կյանքեր։
Մենք արդեն աշխարհի տարբեր երկրների օրինակներն ունեինք, որոնց փորձը կարող էինք օգտագործել, քանի դեռ համաճարակը մեզ մոտ նոր էր սկսվում։ Մենք այդ բոլոր պահերը, ցավոք, բաց ենք թողել։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: