Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում». պատգամավորները կողմ են անձնական տվյալների պաշտպանության հարցով հանձնաժողով ստեղծելուն. «Ժամանակ»

Հունիս 05,2020 11:29

Կորոնավիրուսից Հայաստանում մահացած 132 անձանց անձնական տվյալների հրապարակման գործով այժմ զբաղվում են իրավապահները։ ԱԱԾ-ում փորձում են պարզել, թե ինչպես էր հնարավոր մահացած անձանց տվյալների հանրայնացումը։

Եվ մինչ իրավապահները զբաղվում են դրանց արտահոսքը կազմակերպած անձանց հայտնաբերելով, ոլորտի մասնագետները, փորձագետները բարձրաձայնում են Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության լրջագույն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, օրինակ, երեկ ֆեյսբուքյան իր էջում նախ գրել էր, որ կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալները հրապարակած էջի ադմինը գտնվում է ՌԴ-ում և դա այն նույն էջն է, որը ժամանակ առաջ տարածում էր Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություններից: «Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակներն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է՝ աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում»,- գրել էր Մարտիրոսյանը՝ պատգամավորներին կոչ անելով ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների և անկախ մասնագետների ու տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը կողմ է հանձնաժողով ստեղծելու գաղափարին։ «Դեռևս երբ ԱԺ-ում քննարկվում էր տեղորոշման նախագիծը, այդ ժամանակ ևս քննարկվում էր հարցը՝ ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկի, որպեսզի արտակարգ դրությունից հետո տվյալները ոչնչացվեն պարտադիր կերպով, որպեսզի որևէ կերպով դա չփոխանցվի երրորդ կողմին և այլն։ Տվյալ իրավիճակում տվյալների արտահոսքը որևէ կերպ կապ չունի տեղորոշման օրենքի հետ, քանի որ այս օրերին տեսնում եմ նման շահարկումներ»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով. «Ես լիովին կողմ եմ հանձնաժողով ստեղծելուն և ինքնս էլ կփորձեմ գործընկերներիս հետ ձեռնարկել այն»։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս կողմ է հանձնաժողով ստեղծելուն։ Նա, արձագանքելով Սամվել Մարտիրոսյանի կոչին, մեզ հետ զրույցում ասաց, որ ընդունում է մասնագետի առաջարկը, և եթե պատգամավորները կողմ լինեն, կստեղծվի հանձնաժողով և կուսումնասիրվի, թե մեր անձնական տվյալներն ինչպես են պաշտպանվում կամ ինչպես պետք է պաշտպանվեն։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930