Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրական մոտ 51 միլիոն ԱՄՆ դոլար կորուստներ կտանք, եթե 14 օրով կրկին կարանտին հայտարարեն». «Ժամանակ»

Հունիս 05,2020 10:41

Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը կարծում է, որ, եթե պարետատունն որոշի կրկին կարանտինային ռեժիմ հայտարարել և գնա խիստ սահմանափակումների, ապա Հայաստանի տնտեսությունը մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստներ կունենա։

«Սա մեր ներքին կորուստը կլինի․ օրական մոտ 51 միլիոն ԱՄՆ դոլար մենք ուղղակի և անուղղակի կորուստներ կտանք, եթե 14 օրով կրկին կարանտին հայտարարեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմեն Եղիազարյանն ու միևնույն ժամանակ հավելեց․ «Հիմա թող կառավարությունն որոշի՝ պատրա՞ստ է արդյոք այսքան գումար կորցնել։ Իմ կարծիքով՝ կարանտինն այլևս որևէ բան չի փոխի, որովհետև կորոնավիրուսի համավարակը հիմա Հայաստանում այնպիսի թեժ դինամիկայի վրա է գտնվում, և օրեցօր վարակակիրների թիվն այնքան է ավելանում, որ, ըստ իս՝ արդեն իմաստ չի ունենա տնտեսությունը կրկին փակելը։ Իսկ եթե 14 օրից էլ ավելի որոշեն երկարաձգել սահմանափակումները, ապա կորուստների վերոնշյալ թիվը կկրկնապատկվի»։

Եղիազարյանի խոսքերով՝ կառավարությունը պետք է հասկանա, թե ինչ իրավիճակում է հիմա Հայաստանը հայտնվել, վարակի տարածումն ինչ աստիճանի բարդության շեմի վրա է գտնվում, որոնք են վարակի կոնկրետ տարածքային օջախներն ու որ օբյեկտների կամ քաղաքների փակումը ճիշտ կլինի։

«Հիմա չես կարող երկիրը կրկին համատարած փակել, ուստի պետք է, որ պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ տանեն ու ըստ անհրաժեշտության փակեն այն վայրերը, որոնք վիրուսի տարածման օջախ են հանդիսանում։ Չգիտեմ, չեմ կարող ասել՝ գուցեև կառավարությունը հիմա տիրապետում է այս մասով ինֆորմացիային, սակայն հանրությանը չի հայտնում, ինչը ես ինքս սխալ եմ համարում։ Գտնում եմ, որ պետք է հրապարակեն»,- նշեց նախկին նախարարը։

Վերջինիս դիտարկմամբ՝ արտակարգ դրության ռեժիմի այս ամիսների ընթացքում կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերն ու դրանց հիմքում դրված ֆինանսական միջոցները բավարար չեն և չեն կարող քաղաքացիների համար արդյունավետ լինել։

«Չպետք է սելեկտիվ մոտեցում ցուցաբերել, ինչպես հիմա անում է կառավարությունը, այլ անհրաժեշտ է ընդլայնել շահառուների շրջանակն, ու պետք է սոցիալական աջակցությունը տրամադրել ամեն ամիս և ոչ թե միանվագ, համենայնդեպս՝ մինչև որ լույս կերևա այս թունելում, իրավիճակը կկայունանա, մինչդեռ այս ամենն անելու փոխարեն՝ միանգամայն ուրիշ պատկեր ենք հիմա տեսնում»,- եզրափակեց Արմեն Եղիազարյանը։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930