Լրահոս
Օրվա լրահոսը

«Առյուծների» վտանգն ու բամբասանքը

Հունիս 05,2020 10:00

Յուվալ Նոյ Հարարին բեսթսելեր դարձած իր հայտնի գրքում, ի թիվս շատ այլ հետաքրքիր տեղեկությունների, պատմում է, թե ինչպես է տասնյակ հազարավոր տարիներ առաջ homo sapiens տեսակի մոտ զարգացել լեզվամտածողությունը, եւ ինչով ենք մենք այդ առումով տարբերվում կենդանական աշխարհից: Կապիկը կարող է իր «ընկերներին» զգուշացնել՝ «ուշադրություն, մեզ առյուծ է մոտենում», բայց նա չի կարող մնացած կապիկներին պատմել, որ երեկ գետի մոտ առյուծ է տեսել, իսկ այնուհետեւ քննարկել, թե ինչ պետք է արվի այդ առյուծից խուսափելու համար:

Նման զրույցները մեզ՝ մարդկանց, առանձնացնում են մնացած բնությունից: Բայց նույն գրքում ամենայն լրջությամբ քննարկվում է լեզվի առաջացման եւս մի վարկած, ըստ որի, դրա շարժիչ ուժը… բամբասանքն էր: Այսինքն՝ առանձնանալով բնաշխարհից, մեր նախապապերը հետաքրքրվել են ոչ այնքան իրենց շուրջը վազվզող առյուծներով ու բիզոններով, որքան նրանով, թե ով ում հետ է քնում, ով ում է ատում, ով է վստահելի անձնավորություն, իսկ ով՝ ստոր արարած, մի խոսքով՝ ով ում բարեկամն է կամ թշնամին:

Մարդկային տեսակը զարգացում է ապրել քարե կացնից մինչեւ ատոմային ռումբ, քարանձավային հարմարանքներից մինչեւ սմարթֆոն, բիզոնի հում մսից մինչեւ նրբահամ խորտիկներ, վայրի գիշատիչներից մինչեւ մահաբեր կորոնավիրուս կամ կենսաբանական զենք, բայց մարդկային էությունը մնացել է նույնը: «Բիզոնները», որոնք պիտի բավարարեն մարդկանց տարրական պահանջները՝ պակասում են, մարդակեր «առյուծները» մահացու սպառնալիք են ներկայացնում, բայց մարդկանց շարունակում են հուզել ոչ թե այդ մարտահրավերները, այլ կողքինների իրական եւ երեւակայական արատները, ինչպես նաեւ սեփական կրքերը:

Այդ օրինաչափությունը գործում է գլոբալ, ազգային եւ անձնական մակարդակով: Այսօրվա դրամատիկ իրավիճակում Միացյալ նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները շարունակում են իրար մեղադրել կորոնավիրուսի տարածման համար, իսկ Ռուսաստանի ղեկավարին, հավանաբար, առանձնապես չի հետաքրքրում, որ իր երկրում օրական հարյուրավոր քաղաքացիներ են մահանում՝ նա մտածում է այն մասին, թե ինչպես անի, որ եւս մի 20-30 տարի «թագավորի»:

Հեռուն չգնանք. հասկանալու համար, թե որքան են մարդիկ Հայաստանի ներքին կյանքում իրարից բամբասում, բավարար է բացել ֆեյսբուքյան ժապավենը: Ոչ մի բամբասանք անպատասխան չի մնում՝ իրար չսիրող մեր ցեղակիցներն իրենց պարտքն են համարում հակադարձել միմյանց՝ «բա ո՞նց կլինի՝ նրա խոսքը վերջինը լինի»: Կորոնավիրուսը շարունակում է մարդկային կյանքեր խլել, բայց կան, պարզվում է, շատ ավելի հետաքրքիր թեմաներ՝ ով ինչպես է ապրում եւ ով ում թայֆայից է:

…Եվս մի օրինաչափություն, որը գործում է առնվազն մի քանի հազար տարի: Այդ պատկառելի ժամանակահատվածում, չի եղել մի իշխանություն, սկսած ամենահին ցեղերի ամենաառաջին «վոժդերից», որը կխոստովաներ. «Այ, էս գործում ես թերացել եմ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ես լուծում մը կ՛առաջարկեմ .կրնայ ՛՛ միամիտ՛՛ թուիլ բայց տրամաբանութեան մօտ է ինծի համաձայն ։
    « ՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՅՑՆԵՐՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ երբ թերանան զրպարտութիւններով-բամբասանքներով-չարախօսութիւններով -գայթակղեցուցիչ ելոյթներով -Երկրին Վարչապետը իրաւունք ունենայ ՏԵՂՒՈՅՆ ՎՐԱՅ ԱԶԱՏԵԼ իրենց պաշտօններէն …
    Վստահ եմ որ չար օրինակը գլուխներէն կու գայ -և ժողովուրդը կամաց-կամաց կը հանդարտի և իր գործով կը զբաղի ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930