Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշը հայրենիքի սահմանն է պահում, Վայքում նրա տունը փուլ է գալիս

Հունիս 05,2020 14:30

Անցյալ տարի գարնանը Արտուշ Թորոյանի բակում կառուցված պատնեշը, որն  անջատում է տունը վարար ջրատարից, արդեն որերորդ անգամ փլուզվեց: Տնից ջրատար, Արտուշի խոսքով, մոտ 6 մետր է եւ եթե գետը վարար է լինում ջրերը աստիճաններին են հասնում, անգամ տան մուտքն են ողողում: Ջրատարի հետ միասին նաեւ տան աստիճանների մի հատվածն է փլուզվել: Ջրատարը ջուրը մատակարարում է Վայքի այգիներին եւ որ ամենակարեւորն է՝ «Ազատեկ» ՀԷԿ-ին: Ամեն տարի ջրատարը նյութական մեծ վնասներ է հասցնում Արտուշ Թորոյանի ընտանիքին: Եթե նյութական վնասներն ինչ-որ առումով վերականգնելի են, ապա երեխայի կորուստն այս ընտանիքի համար անդառնալի է: Արտուշի մեկ տարեկան որդին անցյալ տարի ընկել է ջրատարն ու խեղդվել: Արդեն 7-8 տարի է Արտուշը դիմում է կառավարությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Ջրային պետական կոմիտեին, Վայոց Ձորի մարզպետարան, Վայքի քաղաքապետարան: Նամակները պտտվում-պտտվում վերադառնում են Վայքի քաղաքապետարան: Այստեղից էլ ասում են՝ միջոցներ չունենք:

Արտուշ Թորոյանը զինծառայող է: Եվ շատ հաճախ սահմանին, մարտական հերթապահության է լինում, երբ ընտանիքի անդամները զանգում են եւ վատ լուրը հայտնում՝ ջուրը կրկին բակ է լցվել, պատնեշը՝ փլուզել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղում խնդիրն ուսումնասիրել է եւ հայտնել՝ ոչինչ չեն կարող անել: Հերթական փլուզումից հետո Արտուշն իր ուժերով փորձել է այն վերանորոգել, բայց կոսմետիկ վերանորոգումն, ըստ նրա, հարցի լուծում չէ, հիմնավոր պատ կառուցելու համար էլ միջոցներ չունի: Արտուշ Թարոյանի տունը   Վայքի Ջերմուկի խճուղում է, այս շարքի վրա էլի տներ կան, որոնք նույն խնդիրն ունեն: Արտուշի խոսքով, եթե ջուրը ՀԷԿ-ի համար է օգտագործվում, ապա դրա սեփականատերը պարտավոր է բնակիչների անվտանգության համար միջոցներ ձեռնարկել: Տան պատերն արդեն այնքան են խոնավացել, բորբոսնել ու ճաքեր տվել, որ նույնպես փլուզման վտանգի տակ են:

«Չեմ ասում՝ եկեք իմ տունը վերանորոգեք, ընդամենն ուզում եմ ջրատարի հարցը լուծեք, որ իմ տանը վնաս չպատճառի: Այս տարի նորից փլվել է, հավաքել եմ, փորձել եմ առավելագույնս անվտանգություն ստեղծել: Երեք անչափահաս երեխա ունեմ: Ում զանգում եմ, ասում են՝ միջոցներ չկա, որ լինի կանենք: Ասում եմ՝ ուրեմն ջուրը կտրեք, ինձ պատասխանում են՝ եթե կտրենք, Վայքը ոռոգման ջրի խնդիր կունենա: Ուրեմն ՀԷԿ-ի սեփականատերը թող բարի լինի վերանորոգի, գոնե մեր տան հատվածը, քանի որ այդ ջուրն իր ՀԷԿ-ն է գնում»:

Արտուշի խոսքով, վերջին դիմումը մոտ վեց ամիս առաջ է կրկին ուղարկել՝ մարզպետարան, Վայքի քաղաքապետարան, անգամ վարչապետին է անձամբ նամակ հանձնել: Քաղաքապետարանից պատասխան է ստացել՝ միջոցներ չունեին, բայց արդեն գտել են եւ շուտով կվերանորոգեն, սակայն դրանից էլ եւս 4-5 ամիս է անցել, բայց գործնական որեւէ քայլ չկա: Իսկ ջրատարը կրկին վարարել է ու մինչեւ տուն բարձրացել:

«Առավոտը» Վայքի քաղաքապետարանից տեղեկացավ, որ Արտուշ Թորոյանի հարցը հենց երեկ քաղաքապետի մոտ դրվել է քննարկման: Մեզ հետ  զրույցում Վայքի քաղաքապետարանից հայտնեցին, որ նիստը տեւել է մի քանի ժամ, իսկ թե ինչ են որոշել Արտուշ Թորոյանի հարցով, կհրապարակենք առաջիկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930