Գալայի՝ Ելենա Իվանովնա (Դմիտրեւնա) Դյակոնովայի հետ հանդիպումից առաջ սյուրռեալիզմի արքա Սալվադոր Դալիի կյանքը դատարկ ու անհետաքրքիր էր թվում: Գալան դարձավ Դալիի կինը, մուսան եւ բնորդուհին:
Նկարիչն, իհարկե, Գալայի կերպարն օժտել է միֆական գծերով, բայց նա սովորական կին էր՝ միս ու արյունից, չնայած Դալիի համար ամենաանսովորն էր:
Kulturologia.ru-ն որոշ մանրամասներ է ներկայացրել ոչ ստանդարտ այս զույգի կյանքից: Կա կարծիք, որ Գալա անունը նրան հենց Դալին է տվել, քանի որ գալա տոն է նշանակում:
Ոմանք էլ պնդում են, որ Ելենային այդպես էր կոչում նրա ամուսինը՝ Պոլ Էլյուարը, իսկ շատերի համոզմամբ, նրան Գալա են ասել երեխա ժամանակվանից: Դա նրա «տնական» անունն էր:
Ֆրանսիացի գրող Դոմինիկ Բոնայի փոխանցմամբ, Ելենան ծնվել է 1894 թվականին, Կազանում՝ փաստաբանի ընտանիքում, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա: Մոսկվայում Գալան սովորել է նույն դպրոցում, որտեղ սովորել են նաեւ Անաստասիա եւ Մարինա Ցվետաեւա քույրերը: Հատկապես մտերիմ է եղել Մարինա Ցվետաեւայի հետ: Հետագայում՝ Պոլ Էլյուարի հետ ամուսնանալուց հետո, Մոսկվա այցելելիս նա հանդիպել է Մարինայի հետ:
Կարդացեք նաև
Գալան երբեք հավատարիմ կին չի եղել, եղել է նկարիչ-սյուրռեալիստ Մաքս Էռնստի սիրուհին՝ մնալով Էլյուարի կինը: Եղել են ժամանակներ, որ նրանք երեքով են ապրել՝ Գալան, Էռնստը եւ Էլյուարը: Պոլ Էլյուարի հետ Գալան ծանոթացել էր տասնյոթ տարեկանում, նրանց հարաբերությունները ձգվել են տասնամյակներ, անգամ ապահարզանից հետո նրանք մնացել են որպես լավ ընկերներ: Գալան հասցրել էր դուստր ունենալ՝ Սեսիլը, որի խնամքով եւ դաստիարակությամբ հիմնականում իր մայրն էր զբաղվում: Նա մեծանում էր սյուրռեալիստների միջավայրում, հետագայում Պիկասոն դառնում է Սեսիլի լավագույն ընկերներից մեկը:
Երիտասարդ տարիքում Գալան տուբերկուլյոզ էր հաղթահարել, այդ պատճառով շատ էր վախենում իր առողջության համար: Նա նաեւ հոգ էր տանում արտաքինի համար, անընդհատ դիմելով պլաստիկ վիրահատությունների, նաեւ անընդհատ կապվում էր իրենից երիտասարդ տղամարդկանց հետ, որոնցից մեկն էլ Ջեֆ Ֆենհոլտն էր՝ «Հիսուս Քրիստոս-Գերաստղ» մյուզիքլի գլխավոր դերակատարը:
Գալան օժտված կին էր եւ դիզայներական շնորհք ուներ, նաեւ թուլություն ուներ գեղեցիկ ու թանկ իրերի հանդեպ: Գալան ավելի շատ էր հետաքրքրված նորաձեւ զգեստներով, քան փարիզուհիներից շատերը: Նա բազմաթիվ զգեստների յուրօրինակ էսքիզներ ուներ՝ հետագայում դրանք կյանքի կոչելու նպատակով: Գալան նաեւ բախտագուշակ էր: Նա իր հետ միշտ խաղաքարտեր ուներ, որոնցով գուշակություններ էր անում, ասում են՝ շատերն իրականանում էին: Անգամ Դալին էր վստահում նրա գուշակություններին:
Գալան, լինելով Դալիի մուսան, նաեւ իր ձեռքն էր վերցրել ամուսնու ֆինանսական գործերը: Հենց Գալայի շնորհիվ էր Դալին կարողանում եկամուտ ստանալ իր գործերից: 1968 թվականին նկարիչը Գալայի համար ամրոց է գնում Պուբոլ փոքրիկ ավանում, որտեղ կարող էր այցելել միայն կնոջ կողմից գրավոր թույլտվության դեպքում: Այստեղ է կյանքի վերջին տարիներն ապրել Գալան եւ այստեղ էլ թաղված է:
Դալին մի յուրահատուկ թատրոն-թանգարան ունի Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում, որտեղ արվեստի իր բացառիկ նմուշները տեղավորել է իր ծննդավայրի Հին թատրոնի շենքում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։ Թատրոնը վերանվանվել է Տոռե Գալատեյա՝ ի հիշատակ Գալայի։ Ի դեպ, Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է թատրոն-թանգարանի գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մահից հետո էլ նկարիչը մոտ լինի իր արվեստի երկրպագուներին։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2020