Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական հեղինակության» 65-ամյա հոր խափանման միջոցը չեն փոխում

Հունիս 05,2020 13:30

Նա ծանր վիճակով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից բերվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Այս տարվա փետրվարի  9-ին ապօրինի ձեռք բերված հրազենից Աղասի Հովհաննիսյանի, Գեւորգ Սուքիասյանի, Արշակ Առաքելյանի, Նարեկ Խաչատրյանի, Գարիկ Սիրադեղյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու, Աղասի Հովհաննիսյանին եւ Գեւորգ Սուքիասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու հիմքով հարուցվել է քրեական գործ:

Մարտի 7-ին վնասվածքով բուժօգնության էր դիմել Գոռ Ավագյանը:

Հաջորդ օրը Կորյուն Մուրադյանը` «Կոկո» մականունով եւ Արամ Չավուշյանը ներգրավվել են որպես մեղադրյալ: Կորյուն Մուրադյանը նախկինում դատված է եղել՝ ավազակային հարձակման, դանակահարության համար:

Նրանք քննությունից թաքնվել էին, հայտարարվել էր հետախուզում եւ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Մարտի 28-ին խուզարկություն էր կատարվել Կորյուն Մուրադյանի բնակարանում, առաջին հարկի թաքստոցում հայտնաբերվել էին Կորյունը, Արամը, որոնք ձերբակալվել էին, իսկ մարտի 31-ին կալանավորվել:

Քրեական գործով ներգրավված է նաեւ Կորյունի հայրը՝ նախկինում դատված, դատվածությունը մարած Կամո Մուրադյանը, որին տեղափոխել են «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից «Դատապարտյալների հիվանդանոց»:

Կամո Մուրադյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությամբ դատարան է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ,  փաստաբան Կարինե Գասպարյանը: Դատարանը մերժել է գրավ կիրառելու փաստաբանի միջնորդությունը: Փաստաբանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ միջնորդել էին տասը միլիոն դրամ գրավ, այդ թվում բնակարանը, սակայն ընդհանուր իրավասության դատարանը մերժել է, ինչը առիթ էր դարձել, որպեսզի բողոք բերի փաստաբանը:

Երկու հոգեկան հիվանդների ցուցմունքներով  տարեց անձը հայտնվել է անազատութան մեջ:

Ըստ պաշտպանի՝ «Ստացվեց, որ երկու հոգեկան հիվանդների ցուցմունքներն են իբրեւ ողջամիտ կասկածի բավարարման հիմք դիտվել, դատարանն էլ համարեց այն հիմնավորված, եւ վտանգի տակ դնելով 65 տարեկան, ռիսկի խմբում գտնվող, բազմաթիվ հիվանդություններով տառապող անձի վիճակը` սրտի բաց վիրահատություն, հեպատիտ C, սիրտ-թոքային անբավարարություն, անոթների հետ կապված խնդիրներ, շաքարային դիաբետ` ինսուլինային կախվածություն, եւ այլ ուղեկցող հիվանդությունները, իմ պաշտպանյալի կյանքը դրեց վտանգի տակ: Դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը` մերժելով իմ միջնորդությունն այն պայմաններում, երբ իմ պաշտպանյալի` Վանաձոր քաղաքի Աբովյան 89 հասցեի տնատիրության փաստով հիմնավորվում է նրա մշտական բնակության վայր ունենալը, անձանց հետ առերեսումներ կատարված լինելը, այն, որ Կամո Մուրադյանը վարույթից թաքնվելու պատճառ չունի, առավել եւս՝ վարույթը խոչընդոտելու, երբ արդեն իսկ համապատասխան քննչական գոծողությունները կատարվել են»:

Ինչ վերաբերում է այն առարկությանը, թե լսվել է գաղտնալսման ճանապարհով Կամո Մուրադյանի կողմից վկաներին սպառնալիքներ, ակնհայտ է, ըստ Կամո Մուրադյանի հայտնածի, որ այն կատարվել է զայրացած պահին, երբ անձը ելումուտ անելով նրա տուն, ծանոթ լինելով տան անկյուններին, ոստիկանների հետ համագործակցել է, ու հայտնել առերեւույթ սպառնալիքների մասին:

Կ. Գասպարյանը խնդրել էր քննության առնել իր միջնորդությունը նաեւ Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի այս տարվա մարտի 20-ին հրապարակած զեկույցի լույսի ներքո, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ կա անազատության մեջ գտնվող անձանց։ «Նշված զեկույցում, կարեւորելով ազատության մեջ գտնվող անձանց կյանքի եւ առողջության իրավունքը, նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար։ Այս մոտեցումն առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերբնակեցվածության դեպքում։

… Կորոնավիրուսը նոր մարտահրավեր է ազատությունից զրկման տարբեր վայրերի աշխատակիցների, ինչպես նաեւ այն նորաստեղծ հաստատությունների համար, որտեղ անձինք գտնվում են կարանտինի մեջ. «COVID 19»-ի տարածումը կանխելու նպատակով ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակող միջոց պետք է ունենա իրավական հիմք, լինի անհրաժեշտ, համաչափ, հիմնված լինի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վրա եւ կիրառվի սահմանափակ ժամկետով: Հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են հիվանդության տարածմանը՝ ԵԽ-ն արձանագրել է, որ համապատասխան բոլոր մարմինները պետք է ջանքեր գործադրեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ»,-նշել էր Կ. Գասպարյանը:

Կամո Մուրադյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

«Քրեական հեղինակություն» համարվող Կորյունի գործի մասին մանրամասները կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, հունիսի 2-ին ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց. «Հնարավոր միջոցառումներն արել ենք՝ համավարակը կանխելու համար: Վեր են հանվել այն անձինք, որոնք ունեն որոշակի հիվանդություններ եւ 60-ից բարձր տարիք: Այդ խմբի կալանավորների հետ կապված միջնորդություններ են ներկայացվել դատախազություն: Ինչ վերաբերում է առողջական ծանր խնդիրներ ունեցողներին, ապա միջգերատեսչական հանձնաժողովում այսօր 13 գործ պետք է քննվի՝ այդ հիմքով կալանքից ազատելու հարցով»:

Խոսքը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում այդ պահին պահվող 90 դատապարտյալների մասին էր:

«Առավոտ» օրաթերթ
04.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930