Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանին ներկայացվեցին ապացույցներ, որ «Ա1+»-ը եթերազրկվել է խտրականության հիմքով. «Ա1+» (Տեսանյութ)

Հունիս 04,2020 23:10

«Ա1+»-ը  կապուղիների մրցույթում պարտվող է ճանաչվել մինչ մրցույթը եւ եթերազրկվել է խտրականության հիմքով։   Վարչական դատարանում «Ա1+»-ի  ներկայացուցիչները՝  փաստաբաններ  Արա Ղազարյանն ու  Դավիթ  Ասատրյանը,  ներկայացրին  33  ապացույց, որ հեռուստաընկերության եթերազրկումն եղել է  ազատ խոսքի սահմանափակման նպատակով։

Ըստ Դավիթ Ասատրյանի՝  մոտ 200 էջ նյութերը, որոնք  քաղվածքներ են  մամուլի հրապարակումներից,  քաղաքական գործիչների  եւ լրատվական  կազմակերպությունների  հայտարարություններից, ցույց են  տալիս` ինչպես է «Ա1+»-ի եթերազրկումը ուղղակի կամ անուղղակի սահմանափակել  հանրության եւ մյուս հեռուստաընկերությունների խոսքի ազատությունը։

«Ա1+»-ը դատարան է դիմել  2003թ-ին կայացած կապուղիների  մրցույթների  վերաբերյալ` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշումներն առոչինչ ճանաչելու պահանջով։

Փաստաբան  Արա Ղազարյանը դատական նիստում ընդգծեց, որ այս հայցն ընդդեմ մրցույթներում  հաղթող ճանաչված հեռուստաընկերությունների  չէ, այլ  ապացուցելու, որ  ՀՌՀ մրցույթները ձեւական են եղել, «Ա1+»-ին եթերազրկելու եւ եթեր վերադառնալու հնարավորություն չտալու որոշումները եղել են «այլ  կաբինետներում», որոնց մասին ակնարկեց նաեւ ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ԱԺ-ում երեկ տարեկան հաղորդում ներկայացնելիս։

Իհարկե, ըստ փաստաբանի, դժվար է լինելու ապացույց  ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի մոտ՝  «Ա1+»-ի վերաբերյալ գաղտնի ժողովից, բայց կփորձեն այնքան նյութեր ներկայացնել, որոնք ցույց կտան այդ կանխակալ եւ խտրական վերաբերմունքը։

Չնայած, ըստ  հայցվոր կողմի, այս  դեպքում հակառակը պետք է ապացուցեն ՀՌՀ-ն ու ՀՀ կառավարությունը, որոնց դեմ է «Մելտեքս» ՍՊ ընկերության հայցադիմումը։

Խտրականության բացառումը փաստաթղթավորված է,- հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչ Դավիթ Մարգարյանը։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի համար՝ այս արտահայտությունն անհասկանալի էր եւ նա հույս ունի, որ   բուն դատավարության ընթացքում կպարզվի՝  ինչ նկատի ուներ նա։

Այլ մանրամասներ՝   նիստից հետո «Ա1+»-ի ներկայացուցիչներից Դավիթ Ասատրյանի  հետ զրույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930