Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հարիր չէ ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն որդեգրած անկախ Հայաստանին». ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն

Հունիս 04,2020 23:00

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը համավարակի շրջանում գործարարության առջև ծագած խնդիրների առնչությամբ

Համավարակի շրջանում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին միշտ չէ, որ կարելի է միանշանակ գնահատական տալ: Ակնհայտ է, որ եղել են և՛ իրավիճակին համապատասխան քայլեր ու լուծումներ, և՛, ցավոք, վրիպումներ: Մեզ՝ գործարարներիս, անշուշտ, ավելի տեսանելի են տնտեսությունում ծագած բարդությունները, գործադիրի խնդիրներն ու բացթողումները: Հարկ ենք համարում նշել, որ այդ սխալները մեծ մասամբ շտկելի են, և ակնկալում ենք, որ դրանք ապագայում չեն կրկնվի:

Միևնույն ժամանակ՝ ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ՀՀ ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում ազատականության գաղափարներից, պատեհ ու անպատեհ առիթներով հնչեցնում տարբեր ոլորտներում պետականացման, ազգայնացման գործընթացներ սկսելու անհրաժեշտության մասին։

Սա հարիր չէ ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն որդեգրած անկախ Հայաստանին և նպաստում է կառավարության գործունեության նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի ձևավորմանը: Վստահ ենք, որ այս նոր դրսևորումը նույնպես շտկելի է:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը բարձր է գնահատում Հայաստանի գործադիր իշխանության գործադրած ջանքերը մեր երկրի համար այս բարդագույն իրավիճակում:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ միևնույն ժամանակ ակնկալելով թույլ տրված բացթողումների ու սխալների շուտափույթ շտկում, խնդիրների հնարավորինս արագ լուծում և գործադիր իշխանության ներդաշնակ ու նպատակային աշխատանք՝ առանց ազատականության գաղափարներից որևէ նահանջի:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930