Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե կառավարությունում կան համակարգիչներ, որոնք աշխատում են ոչ լիցենզիոն Windows XP-ի վրա, մենք չենք կարող խոսել անձնական տվյալների պատշաճ պաշտպանության մասին». Սամվել Մարտիրոսյան

Հունիս 04,2020 21:01

«Ունենք իրավիճակ, երբ մեր բոլորի տեղաշարժն անընդհատ վերահսկվում է, մեր բոլորի կապերն անընդհատ ֆիքսվում են: Եվ գնալով այդ տվյալներն ավելի համապարփակ ու մանրակրկիտ են դառնում»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ես գիտեմ, որ դու գիտես. ինչպե՞ս են պահպանվում քաղաքացիների անձնական տվյալները» թեմայով  առցանց քննարկմանը հայտարարեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա փաստեց՝ կառավարությունում կան կառույցներ, որոնք անընդհատ զբաղված են մեր անձնական տվյալների վերամշակմամբ, կան կառույցներ, որոնք դա անում են բաց, կան՝ փակ: Փակերի վերաբերյալ ՀՀ-ում չկա ոչ մի վերահսկողություն: Մենք բացարձակապես տեղյակ չենք, թե ինչ է կատարվում ԱԱԾ-ի գաղտնիության տակ իրականացվող գործողություններում:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ տվյալները չեն օգնում կորոնավիրուսի կանխարգելման հարցում, քանի որ կորոնավիրուսը չի կանգնում: Մյուս կողմից նկատեց. «Եթե ինչ-որ մեկն ուզենա լրագրողի աղբյուրը բացահայտել, այդ համակարգն այդ հարցում ավելի կօգնի, քան կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ մտահոգիչն այն է, որ տեղորոշման այդ համակարգը կառավարում է ԱԱԾ-ն է, բայց այդ կառույցի մասին ոչինչ չգիտենք: Այնուհետև ասաց. «Միայն գիտենք, որ Շենգավիթում հունիսի 1-ի վերաբերյալ ԱԱԾ-ն լրջագույն ուսումնասիրություն է արել, բայց արդյոք չի՞ անում լուրջ ուսումնասիրություններ լրագրողների տեղաշարժի մասին: Երևի թե քիչ երկիր կա, խոսքը ոչ տոտալիտարների մասին է, որտեղ գաղտնի գործողությունները ոչ ոք չի վերահսկում բացի բուն կառույցից: Կառավարությունն այդ էլ չի անում: Մենք ապրում ենք շատ փակ կառույցների ներքո: Չմոռանանք, որ մեր ԱԱԾ-ն գերկառույց է. շատ քիչ երկիր կա, որտեղ մեկ կառույցի մեջ է գտնվում հետախուզությունը, հակահետախուզությունը, գաղտնալսումը, կոռուպցիոն գործողությունների վերահսկումը, սահմանապահների վերահսկողությունը և այլ շատ ոլորտներ»:

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ անձնական տվյալների պաշտպանությունը ոչ միայն օրենսդրական կարգավորումներն են, այլ նաև տեխնիկական սպասարկումը: Այս առիթով մեդիա փորձագետը նշեց. «Եթե կառավարությունում կան համակարգիչներ, որոնք աշխատում են ոչ լիցենզիոն Windows XP-ի վրա, իմ աչքով եմ տեսել, այն կառույցներում, որտեղ մեր անձնական տվյալներն են պահվում, մենք չենք կարող խոսել պատշաճ պաշտպանության մասին: Մինչև Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չունենա մեծ անձնակազմ, նաև տեխնիկական մասնագետներով, որոնք կարողանան ամբողջ պետական համակարգը քրքրել, մենք չենք կարող համոզված լինել, որ մեր անձնական տվյալները պաշտպանված են»: Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների արտահոսքի առիթով նա ասաց. «Արտահոսք շատ է եղել: Դեպք է եղել, երբ ԱԱԾ-ի սերվերների վրայից ադրբեջանցիները գողացել են էլեկտրոնային վիզա ստացած քաղաքացիների անձնագրերը և դրանք հրապարակել»: Մյուս խնդիրն այն է, որ գոյություն չունի անձնական տվյալների պաշտպանության ընդհանրացված քաղաքականություն, որը կլինի բոլոր կառույցներում:

Կատակով, բայց նաև մտահոգությամբ Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Բոլորս էլ գիտենք, որ այսօր ինչ-որ մեկի բժշկական քարտից տվյալ ստանալը թազա հարս ճարելուց առաջ Հայաստանում ոչ միայն հեշտ է, այլև պրակտիկա է: Բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, և դա բոլորին գոհացնում է»:

Անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի տեղեկացմանը՝ իրենց գործակալությունը, թեև ունեցել է 2019-ին միայն 83 վարույթ, բայց 2015-ից իրենց գործունեության ընթացքում տուգանք չի եղել, Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Վատ է, որ տուգանք չի եղել, պետք է այնպես տուգանվեին, որ դիմակ առնելու փող չունենային»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930