Այսօր ԵՊԲՀ մասնագետները կազմակերպել են հանդիպում՝ կոտրելու կորոնավիրուսի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը եւ պատասխանելու հանրությանը կորոնավիրուսի հետ կապված հուզող հարցերին:
Միֆ կա ձեռնոցների հետ կապված, ուստի մարդիկ հետաքրքրվել են, թե այն կրելը ի՞նչ համաճարակաբանական նշանակություն ունի եւ ինչպե՞ս պետք է ճիշտ կրել ձեռնոցը:
Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը պատասխանեց. «Եթե դիտարկենք ձեռնոցը՝ որպես անհատական պաշտպանիչ միջոց, այն միանվագ օգտագործման համար է: Կրկնակի օգտագործել ձեռնոցը կատեգորիկ չի թույլատրվում: Ձեռնոցը ալկոգելով կամ նմանատիպ մաշկային հականեխիչ նյութերով մշակման ենթակա չէ: Բառն արդեն հուշում է, որ այն ձեռքի ախտահանիչ է, ուստի ձեռնոց մշակել չի թույլատրվում: Ձեռնոցը կիրառելի է կարճատեւ հպման համար, բայց եթե կեղտոտ ձեռնոցը հպվելու է դեմքին, ձեռնոցը կարող է հակառակ ազդեցություն ունեցող գործիք ու նպաստել վարակի տարածմանը:
Ձեռնոց կրելը ստեղծում է լրացուցիչ կեղծ պաշտպանվածության զգացում ու մարդը դրանով խորշում է ձեռքերի հիգիենայից: Սա լրացուցիչ ռիսկն է ավելացնում՝ վարակի տարածման առումով: կարճաժամկետ օգտագործել՝ հպումից խուսափելու նպատակով, կիրառելի է, բայց երկարատեւ նույն ձեռնոցը կրելը նպաստում է թե՛ նրան, որ մաշկի խորանիստ շերտերից միկրոֆլորան դուրս գա մակերես քրտինքի հետ միասին, ե՛ւ նպաստում է ձեռնոցի թափանցելիության մեծացմանը՝ կորցնելով նրա պաշտպանիչ նշանակությունը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ խանութից գնված մթերքով կարո՞ղ են վարակվել՝ բժիշկներն ասացին, որ նման հետազոտություն չկա, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տաք միջավայրում վարակը երկար չի մնում: Բայց այստեղ պետք է հասկանալ, որ եթե հիգիենայի կանոնները չպահպանվեն, գնված միրգը, բանջարեղենը ինչպես հարկն է չլվանան, այլ հիվանդություններով կարող են վարակվել, օրինակ, աղիքային վարակ ունենան. «Այնպես որ, ամեն ինչ, ինչ դրսից բերվում է տուն, չպետք է դնել սեղանի վրա, եթե լվացած չի ու առանց ձեռձքերը լվանալու չպետք է օգտվել: Անձնական հիգիենայի ու կենցաղային հիգիենայի կանոնները ցանկացած դեպքում պետք է պահպանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ