Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքս էլ վարակվել եմ նոր կորոնավիրուսով, հետեւաբար, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան այնպես չեմ արել». Նիկոլ Փաշինյան

Հունիս 04,2020 19:55

Հայաստանում բնակվող մի օտարերկրացի նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականին: Այսօր պարետատան մամուլի ասուլիսում վարչապետը ներկայացրեց նամակի բովանդակությունը. Օտարերկրացու դիտարկմամբ, Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիներին շատ դժվար է հրաժարվել իրար ձեռքով բարեւելուց, իրար տեսնելիս`գրկախառնվելուց, համբուրվելուց: Սա տեսակետ է, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ուշադրության արժանի է:

Այսօրվա ասուլիսում վարչապետը կրկին փաստեց` համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատանալ: Հանրային վերահսկողության հարթակում հրապարակված տեղեկությունները վերլուծելով, նա այն եզրահանգման է եկել, որ այս ամենը տեղի է ունենում հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանման պատճառով: Ասաց`շարունակում են սոցիալական ցանցերում հրապարակվել լուսանկարներ եւ տեսանյութեր, «այդ թվում նաեւ իմ էջում, ինչը սակայն, միտում ունի ատելության խոսքի, քննադատության խոսքի`այն քաղաքացիների նկատմամբ, ում վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում»:

«Սա անընդունելի է: Չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ այն պարզ պատճառով, որ այս պատմությունը միայն այդ մարդկանց մասին չէ, բոլորի մասին է: Ինքս էլ վարակվել եմ նոր կորոնավիրուսով, հետեւաբար, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես որ պետք էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ հանրային վերահսկողության հարթակը մարդկանց դատափետելու համար չէ այլ խնդիրը հասկանալու եւ հետեւություններ անելու:

«Երբ տեսնում եմ ընդհատակյա «վերջին զանգ» կազմակերպած տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս`իսկ ի՞նչն է սխալ արել կառավարությունը: Շատերն են ասում կամ շատերը կասեն, այ օրինակ, եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված տնօրեններն ազատված լինեին, այսպես չէր լինի, եթե նախորդ իշխանության ժամանակ նշանակված ոստիկաններն ազատված լինեին, այսպես չէր լինի, դատավորները, պաշտոնյաները բոլորը… բայց ես ուզում եմ ասել, որ սա բավականին կասկածելի ճանապարհ է: Սրանով մենք կարող ենք հասնել նախորդ իշխանության ժամանակ նշանակված վարորդներին, նախորդ իշխանության ժամանակ իրենց գործունեությունը սկսած վաճառողներին եւ ի վերջո, նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց`մեզ բոլորիս»,- իր հարցին այսպիսի պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանը:

Վերադառնալով «կորոնավիրուսը որպես հնարավորություն» հայեցակարգին էլ ասաց, որ վարակի բերումով, հանրության կյանքում, իսկապես շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետեւ դանդաղ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը կարգի, օրենքի, հանրային համակեցության, մեր սովորույթների նկատմամբ: Այս համատեքստում դրական զարգացումները, ցավոք, տեղի են ունենում մարդկային մահացությունների զուգորդմամբ. վարչապետը ցավակցեց ընտանիքներին, որոնք կորուստ են ունեցել:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ իր ընտանիքը մանրամասն բժշկական հետազոտություն է անցել, հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների եւ բարդությունների: Շատ փոքր է գնահատվում վիճակի վատթարացման հավանականությունը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930