Այսօր ԵՊԲՀ մասնագետները կազմակերպել են հանդիպում՝ կոտրելու կորոնավիրուսի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը, ջախջախելու այն բոլոր ստերը, որոնք տեղ են գտնում թե՛ մասնագիտական, թե՛ առհասարակ հանրության շրջանում:
Օգտատերերը հարցնում են՝ եթե դիմակի կրումը իսկապես օգնում է կանխել, որ մարդը վիրուսով չհիվանդանա, ապա կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման հարցը ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը պատասխանեց, որ կարող են ընդհանրապես չպաշտպանվել ու ձեռք բերել կոլեկտիվ իմունիտետ, բայց այդ դեպքում մեկ շաբաթ հետո մենք կունենանք 1000-ից ավելի թոքաբորբով պացիենտների դիմելիություն հիվանդանոցներ, առաջնային օղակի բժիշկներին. «Դիմակ կրելը ճիշտ է, պաշտպանվելը միանշանակ ճիշտ է»:
Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադեւոսյանն ասաց, որ դիմակները չեն պաշտպանում, այլ նվազեցնում են վարակվելու ռիսկը:
Օգտատերերը հարցնում են՝ ինչո՞ւ ասիմպտոմ հիվանդներին բուժում չեն նշանակում, կարելի՞ է, որ ինքնամեկուսացման պայմաներում հիվանդը բուժում ստանա: Բժիշկները պատասխանեցին, որ եթե ախտանշան չունի, որեւէ բուժական միջամտություն խորհուրդ չի տրվում, բացի ինքնամեկուսացումից: Եթե վիճակը դառնում է միջին ծանրության, նոր պետք է բժիշկները միջամտեն: Բացի այդ, նրանք նշեցին, որ դեռ այնպիսի դեղամիջոց չկա, որը կազդի անմիջապես վիրուսի վրա ու դուրս կբերի այն օրգանիզմից, բուժում են վիրուսից առաջացած բարդությունները, հիմնականում թոքաբորբը: Երբ մարդիկ հակավիրուսային դեղամիջոցներ են ընդունում, դա այս դեպքում անօգուտ է, պետք է պարզապես դիմեն բժշկի ու խուսափեն ցանկացած ինքնաբուժումից:
Կարդացեք նաև
Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ կորոնավիրուսով հիվանդացած երեխան նաեւ Կավասակիի սինդրոմ ձեռք կբերի՝ մանկական ինֆեկցիոնիստ, ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը պատասխանեց. «Կավասակիի հիվանդությունը նոր չէ, սա միջին տրամաչափի անոթների բորբոքում է, որը կարող է հետեւանք լինել տարբեր հիվանդությունների, ոչ միայն COVID-ի դեպքում: Հայաստանում շուրջ 50 դեպք մինչ այս նկարագրված է»: Նա ասաց, որ տարբեր երկրներում նման տարբեր դեպքեր գրանցվում են: Համավարակի ընթացքում Ֆրանսիայից առաջին ահազանգը եղավ, որ տասը օրվա ընթացքում մի հոսպիտալում 17 երեխա ընդունվեց Կավասակիի համախտանիշով, դա կապվեց դրական COVID-19-ի հետ, նման ահազանգեր եղան նաեւ ԱՄՆ-ից, Բրիտանիայից. «Հնարավոր է իսկապես դա բարձրացնում է Կավասակիի հիվանդության ռիսկերը»:
Մարդիկ հարցնում են, թե կորոնավիրուսը ինչ երկարատեւ հետեւանք է թողնում առողջության վրա: Ապրեսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ նկարագրված բարդություններից միայն Կավասակին է նկատվում, իսկ հեռակա բարդությունների մասին դժվար է կանխատեսել:
Հիմնականում երեխաների մոտ առանց բարդությունների է լինում:
Հարցին՝ ասիմպտոմ հիվանդանալուց հետո իմունիտետ ձեւավորվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը պատասխանեց, որ ինֆեկցիոն հիվանդություններից հետո օրգանիզմում ձեւավորվում է իմունիտետ, որոշ հիվանդությունների դեպքում դա կարող է ամբողջ կյանքի ընթացքում, շատ երկարատեւ պահպանվել, որոշ հիվանդություններից հետո իմունիտետը լինում է կարճատեւ. «Այս հիվանդությունից հետո իմունիտետ առաջանո՞ւմ է, կայո՞ւն է, հակամարմինները ինչքա՞ն ժամանակ են պահպանվում՝ դեռ շատ վաղ է խոսել, որովհետեւ մենք այս հիվանդությունը գիտենք մոտ 6 ամիս: Գրականությունում ասվում է, որ 6 ամսից մինչեւ 1 տարի պահպանվում է օրգանիզմում բոլոր այն հակամարմինները, որոնք ապահովում են իմունիտետը նույն հիվանդությամբ կրկնավարակից»:
Հարցին՝ ժամանակին ասում էին, որ բաց տարածքներում մարդիկ չեն հիվանդանա, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, հետեւաբար ի՞նչը փոխվեց, որ հիմա պարտադրում են՝ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը պատասխանեց. «Կար լոգիստիկայի խնդիր, կար դիմակների պակաս, այն տրվում էր բժշկական հիմնարկներին, բժիշկներին, որպեսզի կրեն, հետո, երբ քանակը արդեն բավարարեց, դրան միացավ նաեւ հետաքրքիր գիտական մոտեցումը, որ բավականին տարածում են հիվանդությունը ասիմպտոմ ժամանակ, հետեւաբար մարդը, երբ իրեն զգում է առողջ, բայց չգիտի՝ վարակակի՞ր է, թե՞ ոչ, սիմպտոմ չունեցող մարդը դառնում է վարակի տարածման աղբյուր այնպես, ինչպես ախտանշան ունեցողը»: Ինչ վերաբերում է բաց տարածություններին, Կիպրոսի հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ 2 մետրից կարող են վարակվել՝ կախված քամուց. «Մեծ հաշվով բաց տարածքում հավանականությունը քիչ է, բայց մոռանում ենք, որ բաց տարածքում մարդը երկար չի գտնվում, նա մտնելու է փակ տարածք՝ մետրոպոլիտեն, խանութ, բանկ, տրանսպորտ: Նա պիտի հանի-դնի դիմակը, իսկ դա նպատակահարմար չի ու սխալ է: Ավելի լավ է մեկ անգամ դնի»:
Մարդիկ նաեւ բողոքում են, թե ի՞նչ իմաստ ունի նույն ընտանիքի անդամներին պարտադրել մեքենայի մեջ կրել դիմակ, բժիշկներն ասացին, որ ոստիկանությունը չի տարբերակում՝ մի ընտանիքի անդա՞մ են, թե՞ իրար հետ կապ չունեցող մարդիկ, մեքենան դիտարկվում է փակ տարածք ու դա ընդունելի տարբերակ է. «Դիմակը անհարմար է, մենք սովոր չենք այն կրել, բայց պարտադիր է: Կարգապահությունը պահպանելով՝ Չինաստանում այսօր զրոյական դեպքեր են գրանցում»:
Որքան էլ զավեշտալի է թվում, մարդիկ 5G աշտարակների ու չիպավորվելու վերաբերյալ են հետաքրքրվել: Խաչատուր Գասպարյանը պատասխանեց, որ այդ լուրերը, երբ տարածվեցին, ուսումնասիրել է ու կարող է ասել՝ իրական չէ դա, կան ուսումնասիրություններ, որ էլեկտրամագնիսական սիգնալների հետ որոշ տոկոսի բակտերիաներ կարող են փոխանցվել, բայց կորոնավիրուսի հետ դա կապելը հոգեբանական խնդիր է, դրա խորքում մահվան վախն է. «Վարակը, տագնապը առաջացնում են մահվան վախ ու մահվան վախի դեմ մարդը կամ պետք է պաշտպանվի առասպելներով, կրոնական նոր մտքեր ձեւավորելով, կա՛մ հերքելով ու տեխնոլոգիաների մասին նման խոսակցությունները պաշտպանական դրսեւորում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ