Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր արտահոսել է մահացած մարդկանց ցուցակը, վաղը կարող է ոչ մահացած հիվանդների կամ այլ հիվանդություն ունեցող մարդկանց ցուցակ լինել». Դավիթ Սանդուխչյան

Հունիս 04,2020 18:35

«Այսօր արտահոսել է մահացած մարդկանց ցուցակը, վաղը կարող է ոչ մահացած հիվանդների կամ այլ հիվանդություն ունեցող մարդկանց ցուցակ: Այդ աղբյուրը բաց է»,- անդրադառնալով կորոնավիրուսից մահացած քաղաքացիների անձնական տվյալների՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Զնդան» անունով ֆեյսբուքյան էջում հայտնվելու փաստին՝ այսպիսի մտահոգություն հայտնեց  իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ,Դավիթ Սանդուխչյանը:

Նա նկատեց՝ անձնական տվյալների պաշտպանության  մասին օրենք ունենալը չի նշանակում, որ տվյալները պաշտպանված են ու հավելեց. «Լինի բանկ,  թե հեռահաղորդակցության օպերատոր, կառավարության մասին խոսք չկա. կառավարությանը տուգանում ես, վերադառնում է բյուջե, եթե ունես երկու-երեք հարյուր հազար դրամանոց տուգանքներ, դա նշանակում է, որ ձեր տվյալները պաշտպանված չեն:  Տեսեք Բալթիկայի երկրները, Ռումինիան, ամենևին չեմ կարծում, թե Հայաստանը հարուստ երկիր չէ, դրա համար բարձր տուգանքներ չեն կարող լինել: Տուգանքները պետք է վերանայվեն»:

Տեղեկատվական անվտանգության մասնագետը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում ներդրվում են էլեկտրոնային համակարգեր առողջապահության, դատական, հարկային և այլ համակարգերում, սակայն զուգահեռ չի ներդրվում տեղեկատվական անվտանգության համակարգ ու  փաստեց. «Բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում կտեսնեք, որ առաջին հերթին ամենամեծ պահանջարկն այդ մասնագետներն ունեն»:

ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը վստահեցրեց՝ օրենքը կարևոր է հենց նաև նրա համար, քանի որ ինչպես անձնական տվյալների պաշտպանություն, այնպես էլ ցանկացած իրավունքի պաշտպանության նախապայման է այդ իրավունքի ճանաչումը, ու եթե չլինի օրենք, չի լինի բանաձև և չափանիշ: Նա նշեց, որ իրենց գործակալությունը ստեղծվել է 2015-ին, և 2016-ին ունեցել են 3 վարույթ, մինչդեռ 2019-ին այդ թիվը դարձել է  83:  Խոսելով կորոնավիրուսից մահացած մարդկանց տվյալների արտահոսքի մասին՝ Գևորգ Հայրապետյանն ասաց. «Հենց ֆեյսբուքում հրապարակվեցին և տարածվեցին այդ տվյալները, գործակալությունը հենց այդ օրն արդեն մտահոգություն էր հայտնել անձնական տվյալների հրապարակման կապակցությամբ և նշել, որ դա խնդրահարույց է: Գործակալությունն արդեն միջոցներ էր ձեռնարկում տվյալների հրապարակման իրավաչափությունն ու օրինականությունը պարզելու ուղղությամբ: Այն, որ գործակալությունն այս և այլ դեպքերում խնդրահարույց է համարել տվյալների արտահոսքն ու հրապարակումը, սա է այդ ցուցիչը, որ անձնական տվյալներն ունեն պաշտպանություն»:

Արձագանքելով տուգանքների անհամաչափության մասին մտահոգությանը՝ Գևորգ Հայրապետյանն ասաց. «Այսքան տարվա ընթացքում գործակալությունը վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել ոչ թե, որովհետև չէր կարող, այլ դրա անհրաժեշտությունը չի եղել. գործակալությունն ինչ ասել է, արել են: Եղել են դեպքեր, երբ արգելվել է անձնական տվյալների մշակումը: Դեպք է եղել՝ կազմակերպությանն արգելել ենք անձնական տվյալներ մշակել, և այն ուղղակի չի կարողացել գործունեություն ծավալել, մինչև անձնական տվյալների ոլորտը կարգի չի բերել: Միակ մուրճը պատասխանատվությունը չէ: Գործակալությունն ավելի լայն լիազորություններ ունի: Երբեմն արգելելը կարող է շատ ավելի լուրջ պատասխանատվության միջոց լինել, քան տուգանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930