Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասն ուղարկվել է դատարան

Հունիս 04,2020 19:21

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է այլ անձի անվամբ խարդախությամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին 35-ամյա տղամարդը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհու հետ և տեղեկանալով աշխատանքի ընդունվելու նրա մտադրության մասին՝ խոստացել է օժանդակել վերջինիս և իր մոտ աշխատանքի տեղավորել: Այնուհետև կնոջ վստահությունը ձեռք բերելով՝ նրա նույնականացման քարտի պատճեն վերցրել է և բանկից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր տրամադրության տակ առկա նույնականացման քարտի պատճենով հայաստանյան բանկերից մեկում, առցանց տարբերակով, վերջինիս անվամբ ձևակերպել վարկ է՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը բանկային քարտն ստացել է քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի միջոցով և ինչպես տվյալ բանկին, այնպես էլ՝ այլ բանկին պատկանող բանկոմատներից կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումարը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 326-րդ հոդվածով (պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930