Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեւանի ճահճացումը ակտիվ շարունակվում է եւ խիստ մտահոգիչ է». «Արարում» նախաձեռնության անդամ Կարինե Դանիելյան

Հունիս 04,2020 18:15

«Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանն, որն «Արարում» նախաձեռնության անդամ է, այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց, որ էկոլոգիայի ոլորտում Հայաստանի խնդիրները շատ են`թե ազգային, թե միջազգային մակարդակում: Իրենք պատրաստ են համագործակցության իշխանության բոլոր թեւերի հետ, բայց, ընդգծեց`համագործակցությունը երկկողմանի է լինում: Հուսով է, իշխանության կողմից էլ կգա նախաձեռնություն:

Տիկին Դանիելյանը համագործակցության մի զավեշտալի դեպք պատմեց. իր ղեկավարած կազմակերպությունը մի հետազոտություն էր իրականացրել, որով փորձել էին բացահայտել մարդկանց բնակության համար ամենավտանգավոր տարածքները մեր երկրում: Ըստ հետազոտության, վտանգավոր տարածքներից մեկն է Լոռին է, որտեղ մետաղական հանքարդյունաբերությունն է զարգացած:

Առողջապահության նախարարի հետ այս թեմայով մի հանդիպում-քննարկումից հետո նախարարը եզրակացություն է հրապարակել`«ուրեմն, Լոռիում շատ են ծխում», մի կողմ թողնելով ծանր մետաղների եւ դրանց վտանգավորության մասին հետազոտությունը: Ի դեպ, ավելի ուշ, մեկ այլ`չեխական կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունները հաստատել են, որ ծանր մետաղների ազդեցությունը Լոռիում վտանգում են մարդկային կյանքերը: Ավելին, էլ ավելի խիստ գնահատականներ են հնչել, քան տեղական կազմակերպությունն էր արձանագրել:

Ըստ բանախոսի, շատ մեծ անելիք ունենք էկոլոգիական աղետից խուսափելու հարցում, մանավանդ, հանքարդյունաբերության եւ Սեւանի փրկության մասով. «Աստված չանի` Սեւանը կորցնենք`Հայաստանն ենք կորցնում, իսկ Սեւանի ճահճացումը ակտիվ շարունակվում է եւ խիստ մտահոգիչ է: Սեւանը չենք կարող օգտագործել ոչ ոռոգման, ոչ էլեկտրաէներգիայի համար: Հայաստանի ամբողջ ջրերը վտանգված են»:

Կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանն էլ արտասանեց 1961 թվականին, Պարույր Սեւակի գրած «Խոսք հավաստիքի» բանաստեղծությունը`նվիրված հայոց գրերի 1600 ամյակին, Մեսրոպ Մաշտոցին: Ասաց`այս նախաձեռնության անդամները Պարույր Սեւակի ասած սերուցքի մի մասն են, որոնք ցանկանում են հանուն հայրենիքի ինչ-որ մի գործ անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930