Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարետի որոշումը մի քիչ էլ մարդկային պիտի լինի»․ Գյումրիում մեկ օրով փակվեցին սրճարաններ, խանութներ. (Տեսանյութ)

Հունիս 04,2020 18:07

Պարետի որոշմամբ, այսօր Գյումրու պատմական հատվածում մեկ օրով դադարեցվեցին հանրային սննդի մի քանի օբյեկտների աշխատանքներ։

Բանն այն է, որ նրանցից շատերը չեն պահպանել պարետի հրահանգները, ասենք՝ որոշ տեղերում ջերմաչափում չի իրականացվել, գրանցամատյան, ախտահանման մատյաններ չեն եղել, սրճարաններում սեղաններն ու աթոռները տեղադրված չեն եղել սահմանված հեռավորության վրա։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը ոստիկանների հետ այսօր իր շրջայցը սկսեց Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում գտնվող «Տրեցո» սրճարանից։ Նշենք, որ սա քաղաքի ամենաշատ հաճախորդներ ունեցող սրճարաններից է։

Այստեղ սեղանները մոտ են եղել, հետևաբար և 24 ժամով աշխատանքները դադարեցնելու պատճառը հենց դա էր։

«Մշտադիտարկում մշտապես անում ենք, եթե չպահեցին պարետի որոշումը, արձանագրում ենք, ուղարկում ենք պարետին․ ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն, ավելի երկար ժամանակով կկասեցվեն։ Այսօր 24 ժամով կկասեցվի գործունեությունը, հետագայում 72 ժամով»,-ասաց Արտուշ Հովհաննիսյանը։

Այս սրճարանում այնքան էլ համաձայն չէին պարետի որոշմանը, սակայն անձայն կատարեցին այն։

Իսկ Գյումրու «Տաք կարկանդակ» հացաբուլկեղենի խանութում ընդդիմացան, փոքր-ինչ զայրացան։

Աշխատակիցն ասաց․ «Պարետի որոշումը մի քիչ էլ մարդկային պետք է լինի, հո մեկը մյուսին վատություն անելով չէ, պիտի մեկս մյուսիս դրության մեջ մտնենք։ Եթե հիմա փակեք, ամբողջ ապրանքը ստիպված ենք թափել, գոնե վաղը դադարեցրեք, ապրանք չենք հանի, որ գոնե չտուժենք»։

Նրանք նաև նեղվեցին, որ թեև թերությունները վերացրել են, արդեն ջերմաչափ ունեն, գրանցամատյաններ ևս, սեղանների սահմանված հեռավորությունն էլ պահպանված է, բայց փակում են։

Չնայած նրանց առարկությանը՝ ոստիկանները ժամանակավորապես դադարեցրեցին սննդի այս օբյեկտի գործունեությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930