Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն. «Այսպես անհնար է պահել համակարգը»

Հունիս 04,2020 17:40

«2019-ի հունվարի 1-ի դրությամբ, երբ Հայաստան ներկրվող գազի սակագինը դարձավ 165 դոլար, մենք գազը շարունակեցինք վաճառել 255 դոլարով: Այդ 90 դոլարից մոտ 43 դոլարը վճարում ենք բյուջե՝ համարվելով առաջին հարկատու: 47 դոլարից 12-ը կորուստ է: 35 դոլարից 19-ն աշխատավարձն է: «Գազպրոմ Արմենիային» մնում է 16 դոլար»,-այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Գազպրոմ Արմենիայի»՝ սակագնի բարձրացման հայտը, ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը: Նրա խոսքով, այսպես անհնար է պահել համակարգը, անհրաժեշտ են նորմատիվ ծախսեր:

Ըստ Հրանտ Թադեւոսյանի, իրենց հիմնական խնդիրն է՝ հավասարակշռել սպառողների եւ մատակարարի շահերը, որպեսզի ունենանք հուսալի եւ անվտանգ գազամատակարարում՝ հակառակ դեպքում կլինեն գազամատակարարման խնդիրներ: Ըստ նրա, խնդիրները կապված են փոխադրման համակարգի մաշվածության հետ:

«Պետք է իրականացնենք անհրաժեշտ նորմատիվ ծախսեր, որոնք մինչեւ այժմ չեն արվել»,-ասաց ընկերության տնօրենը՝ պարզաբանելով, որ գազի 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկված 275 դոլար գնով ընկերությունը նախատեսում է 10 տարում ունենալ 60 միլիարդ դրամի մարժա եւ զուգահեռ իրականացնել 230 միլիարդ դրամի ներդրումներ, առանց որոնց ապագայում կարող են առաջանալ մատակարարումների հետ կապված խնդիրներ, ինչը չի եղել կանոնավոր մատակարարումների պահից սկսած՝ 1997 թվականից:

Տնօրենը նաեւ ասաց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 277 000 դրամ. «Ընկերության տնօրենը 20 միլիոն դրամ չի ստանում , ինչպես գրում են ԶԼՄ-ներում, այլ ավելի քիչ, սակայն նույնիսկ, եթե դա այդպես լիներ, ապա որեւէ խնդիր չէր լինի, եթե այդպիսով օրենք չխախտվեր»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիան» դիմել էր ՀԾԿՀ՝ գազի սակագինը վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչությանը մատակարարվող գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930