Այսօր ԵՊԲՀ մասնագետները կազմակերպել են առցանց հանդիպում՝ կոտրելու կորոնավիրուսի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը, ջախջախելու այն բոլոր ստերը, որոնք տեղ են գտնում թե՛ մասնագիտական, թե՛ առհասարակ հանրության շրջանում: Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց. «Ինչու է իրավիճակն այսպես՝ ժամանակի քննությունը պետք է պարզի, հավատացնում եմ՝ անմասն չեմ մնալու նաեւ ես: Բայց հիմա առարկայական կլինի բացատրվել ժողովրդի հետ եւ ներկայացնել նեղ մասնագիտական կարծիք»:
Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադեւոսյանն ասաց, որ այստեղ շատ կարեւոր է, թե ինչպես գրանցել մահացությունը, մահվան պատճառները. «Երկրների մեջ կա շատ մեծ տարբերություն, չնայած ԱՀԿ-ն հստակ ցուցումները տվել է, թե ինչպես գրանցեն: Օմանում մոտ 40 մահացած մարդ կա կորոնավիրուսից, Բելգիայում՝ մոտ 8000՝ գրեթե նույնքան հիվանդացածներից, որը նշանակում է, որ Բելգիայի առողջապահական համակարգը մոտ 250 անգամ ավելի վատ է կարողանում խնամել, բուժել հիվանդներին, քան թե Քուվեյթի, Օմանի բժիշկները, որին ես չեմ կարող հավատալ: Այստեղ գրանցման խնդիր է»:
Նա ասաց, որ խուճապի մատնվել չի կարելի, պետք է վախենալ խելամիտ սահմաններում ու զգուշանալ:
ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց, որ կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է. «Եթե զուգահեռ տանենք H1N1 վարակի հետ, ապա ԱՄՆ-ում առաջին տարում շուրջ 12.500 մարդ էր այնտեղ մահացել, բայց հիմա ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մահերի թիվը գերազանցել է 100 հազարը: Մահաբերության վրա բազմաթիվ գործոններ են ազդում՝ պոպուլյացիայի տարիքային կազմը եւ խրոնիկական հիվանդություններ ունեցողների տեսակարար կշիռը, եւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 40 տարեկանից բարձրների մոտ կորն ավելանում է: Երկրորդ գործոնը առողջապահական համակարգի պատրաստված լինելն է: Երրորդը մահերի գրանցման մեթոդաբանությունն է: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կապել մահը կորոնավիրուսի հետ, եթե դրական է թեստի պատասխանը ու չկա ակնհայտ մահի այլ պատճառ: Հայաստանում բարեբախտաբար, ցուցանիշները դեռեւս այնքան էլ շատ չեն, բայց երբ նայենք ավարտված դեպքերի մեջ որքան են մահերը ու դրա մեջ ներառենք այլ պատճառներից մահացած մարդկանց, ապա մեր ցուցանիշը կհասնի 6»:
Կարդացեք նաև
Արմեն Մուրադյանն ասաց, որ նույնիսկ բժիշկներ կան, որ կարծում են՝ այսպիսի հիվանդություն գոյություն չունի: Նա ասաց. «Հայաստանում այն թվաքանակը, որն արդեն բուժվել է եւ այն թվաքանակը, որը չի հաջողվել բուժել, վիճակագրական թվերով, փակ քեյսերով 6 տոկոս է կազմում: Բայց հայտարարի մեջ չենք կարողանում կոռեկտ գնահատել բոլոր փակ «քեյսերը»՝ դեպքերը, որովհետեւ ասիմպտոմ հիվանդների մի մասը չեն գրանցվում, դա երեխաներն են, այն մարդիկ են, ովքեր հիվանդանում են, բայց չեն դիմում: Թեստավորման խնդիր էլ կա այսօր երկրում»:
Ըստ Արմեն Մուրադյանի, եթե թեստերի քանակը մեծ լիներ, կարողանային բոլորին թեստավորել ու հայտնաբերել, մահացության ցուցանիշը ճիշտ հայտարարի կբերվեր ու այդքան մեծ չէր լինի. «Սա բնավ չի նշանակում, որ զգոնությունը պետք է կորցնել ու ասել՝ եթե կոռեկտ հաշվենք, մահաբերությունը 6 տոկոս չի: Սա շատ լուրջ խնդիր է իրականում»:
Հարցին՝ շատ օգտատերեր հարցնում են՝ տարբեր գիտնականներ ասում են, որ համավարակ չկա, վիճակը ծանր չի, ստո՞ւմ են այդ մարդիկ՝ Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Առողջապահությունում, մասնավորապես բժշկությունում պետք է շատ զգույշ լինել՝ ծայրահեղ կարծիքներ արտահայտելիս, առավել եւս, երբ խոսքը գնում է առողջության մասին: Պետք է զգույշ ու կոռեկտ արտահայտվել: Բժշկությունը եւ առարկայական քննարկումները չպետք է վերածվեն ցինիզմի: Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են եւ մեր բուժաշխատողները 2 ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են արդյունք ձեւավորել, չեմ կարծում, որ կարելի է սա քննարկման առարկա սարքել ու ասել՝ գիտեք, սա թատրոն է ու ռեանիմացիաներում այդպիսի վիճակ չկա, կամ շտապօգնության բրիգադները գիշեր-ցերեկ չեն փորձում հասնել օգնության: Խնդիր կա ու պետք է դադարեցնել այդ քննարկումների դաշտը, թե՝ մենք բնականոն կյանքով ապրում ենք, մեզ ֆեյք ինֆորմացիա են տալիս: Խնդիրը պահանջում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ»:
Արմեն Մուրդայանը հորդորեց որեւէ ծայրահեղության մեջ չընկնել ու թողնել դաշտը բժիշկներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ