Հայաստանում նոր քաղաքացիական նախաձեռնություն է ձեւավորվել: Նախաձեռնության մասին դրա հիմնադիրներն այսօր հայտարարեցին «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում: Նախաձեռնությունը կոչվում է «Արարում»: Նախաձեռնության խորհրդի անդամներն են ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, «Սասնա ծռեր» խմբավորման նախկին անդամ Պավել Մանուկյանը, Կարին Տոնոյանը, բնապահպանության նախկին նախարար Կարեն Դանիելյանը, կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկևիչյանը։
Ներկայացնելով նախաձեռնության նպատակները եւ գործունեության ոլորտները՝ Արման Նավասարդյանն ասաց, որ այն նախ վերկուսակցական, վերգաղափարական, վերքաղաքական կազմակերպություն է: Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի ազգային հարցերին, ներկայիս խնդիրների լուծմանը` թե ներքին, թե արտաքին քաղաքականության, թե տնտեսական եւ այլ բնույթի: Քննարկվելու են ինչպես հրատապ, այդպես էլ ռազմավարական բնույթի հարցեր: Ինքը`դեսպան Նավասարդյանը պատրաստ է իր փորձը, գիտելիքները եւ ներուժը ներդնել հօգուտ 21-րդ դարի մեթոդների եւ մեթոդաբանության տիրույթում դիվանագիտության առջեւ դրվող խնդիրների լուծմանը: Նախաձեռնության անդամները պատրաստ են համագործակցել այն բոլոր մասնագետների հետ, ովքեր պատրաստ են իրենց հետ համագործակցել:
Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց`իրենք չեն պահանջում իշխանության հրաժարականը. «Ցանկացած քաղաքական իշխանության առկայության պարագայում միշտ կա մի խումբ`կայացած մասնագետների, որոնք այս կամ այն չափ ներդրում ունեցել են երկրի զարգացման գործում, որը պատրաստ է հանուն պետության եւ պետականության շահերի աշխատել: Սա է մեր տարբերությունը»:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացրեց Թաթուլ Մանասերյանը, մասնավորաբար ասված է. «Նախաձեռնության անդամները մտահոգված են այն իրողությամբ, որ այսօր լրջորեն վտանգված են երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, երկրի տնտեսությունը, բնակչության սոցիալական վիճակը, իրավական պետության հիմքերը, ազգային մշակույթը, հայ ընտանիքի բարոյական սկզբունքները, կրթությունը, գիտությունը, անգամ՝ երկրի միջազգային հեղինակությունը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ