Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն գտնում է, որ բնակչությանը վաճառվող գազի սակագինը պետք է մնա անփոփոխ

Հունիս 04,2020 16:45

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) աշխատանքային կարգով քննարկվում են բնական գազի սակագների վերանայման հայտերը: Հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկները:

Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել եւ հաշվել բնական գազի սակագինը՝ ըստ սպառողական խմբերի:

Աշոտ Ուլիխանյանը նշեց, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկել է բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջեւ տարբերակման, ապա ՀԾԿՀ-ն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2016-ի նոյեմբերի 3-ի որոշումներով ներկայացված առաջարկությունները, այն է՝ շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել առանձին սպառողական խմբեր՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ:

Եվ այսպես, ըստ պարոն Ուլիխանյանի, հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը՝ բացառությամբ սոցիալապես անապահով սպառողներին, տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի սպառման վաճառվող գինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ 1000 խմ-ի համար, սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի սակագինը նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Իսկ ջերմոցային տնտեսություններին, նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ժամանակահատվածի համար ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Իսկ մնացած սպառողներին, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար՝ ամսական մինչեւ 10 հազար խմ շրջանակում սպառվող  բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար եւ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող բնական գազի համար սահմանել յուրաքանչյուր 1000 խմ-ի համար 255, 99 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սակագին»:

Այս պահին դեռեւս հանձնաժողովում քննարկումներ են ընթանում: Հանձնաժողովի որոշումը կհրապարակենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ՝ բնակչության համար գազի սակագինը 36 տոկոսով բարձրացնելու:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930