Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվ է մանրէների շատ տեսակների համար. հայ գիտնականների ստեղծած ախտահանիչը` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց

Հունիս 04,2020 16:26

ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար:

«Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է:

«Մաքուր ջրածնի պերօքսիդի 0,5 տոկոս կոնցենտրացիան վերացնում է կորոնավիրուսը: Մեր ստեղծած «Բիօքսիլ 2»-ում ջրածնի պերօքսիդի պարունակությունը 5 անգամ ավելի է՝ 2 տոկոս է: Այնտեղ կան նաև ջրածնի պերօքսիդի ակտիվարարներ, որով ջրածնի պերօքսիդի ազդեցությունն ավելացնում են տասնյակ անգամներ: «Բիօքսիլ 2»-ն ակտիվ է մանրէների շատ տեսակների համար:

Բացի այդ, այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ»,- վստահեցրեց ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «Բիօքսիլ 2»-ի ստեղծման և արտադրության աշխատանքների ղեկավար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:

«Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է «Բիօքսիլ 2»-ի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:

«Բիօքսիլ 2»-ի արտադրությունը կազմակերպվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածքում հիմնված արտադրամասում, որի հզորությունն օրական 2 տոննա է:

Ներկայումս «Բիօքսիլ 2»-ի արտադրության հիմնական պատվիրատուն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է, որը ձեռք է բերել այս ախտահանիչ նյութը ՀՀ ԳԱԱ համակարգի կառույցների ախտահանման համար:

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը և ՀՀ ԳԱԱ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները շաբաթը երկու անգամ ախտահանվում են «Բիօքսիլ 2» ախտահանող-լվացող նյութով:

Որպես նվիրատվություն 1 տոննա «Բիօքսիլ 2» Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:

ՀՀ ԳԱԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930