Հունիսի 3-ին Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանը տեսակապի միջոցով եղել է 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հյուրը:
«Պարոն Սահակյանին ուղղված ութ հարց ունեինք, բոլորին պատասխանել է: Հրապարակման ենթակա մանրամասները չեմ կարող ասել: Միայն կարող եմ նշել, որ բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել»,-Aravot.am-ին հայտնեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Նշենք, որ 2019թ.-ին ստեղծված հանձնաժողովի գործունեության ժամկետն այսօր ավարտվում է, իսկ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ հանձնաժողով:
Քրիստինե Պողոսյանն այս առնչությամբ նշեց, որ հանձնաժողովի գնահատականը հստակ է. «Ցավում ենք, որ պարոն Խաչատուրովն այլ մարդկանց խոսքերը լսեց եւ չկարողացավ այս կարեւոր գործընթացում իր մասնակցությունն ունենալ՝ որպես երկարամյա ստաժ ունեցող զինվորական»:
Կարդացեք նաև
Պատգամավորը հավելեց՝ փորձում են աշխատանքը հասցնել այնպես, որ մինչեւ սեպտեմբեր հանձնաժողովի զեկույցը պատրաստ լինի, իսկ հակառակ դեպքում այն պատրաստ կլինի սեպտեմբերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ