«Կարծում եմ՝ Արթուր Վանեցյանի քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ մի որոշ ժամանակ, մոտ 5-7 տարի պետք է լռի եւ ուսումնասիրի քաղաքական գործընթացները, վարչապետի, նախագահի եւ մյուսների տարբերությունը, քաղաքական դաշտ ձեւավորի, նորմալ թիմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:
Ինչ վերաբերում է Վանեցյանի մտադրությանը, որ անհրաժեշտ է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանն իր կուսակցությունով կարող է, օրինակ, «Սասնա ծռեր» կուսակցության հետ, ՀՀԿ-ի հետ, ՀՅԴ-ի հետ քննարկի եւ առաջարկ ներկայացնի: Խոսք եմ տալիս՝ այդ առաջարկը հնարավորության դեպքում կհնչեցնեմ ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ: Եթե ազգային համաձայնության կառավարության մասին է խոսքը, դա ենթադրում է, որ մեկ կուսակցություն չէ, որ պետք է ներկայացնի դրա ստեղծման առաջարկ: Խոսքն արտախորհրդարանական գործող ուժերի մասին է: Իմ նշած ուժերը եւ պարոն Վանեցյանը կարող են հավաքվել, նաեւ՝ «Վերնատան» հետ»:
Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Վանեցյանն արտախորհրդարանական մյուս ուժերից տարբերվում է նրանով, որ ինչ-որ պահի ասոցացվել է իրենց հետ. «Կարծում եմ՝ նրա շուրջ ձեւավորված քննարկումներն ուռճացված են: ՀՀ-ն խաղալիք չէ՝ փողով քաղաքականություն խաղալու համար: ՀՀ-ում գումարով քաղաքականություն ձեւավորելը եւ երկրի, մարդկանց ճակատագրի հետ խաղալն անընդունելի է: Ընդհանուր գնահատական եմ գալիս»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ