Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառավարման համակարգը վերջին շրջանում հետևողականորեն թուլացվում է. որն է օրակարգը և ինչով ենք զբաղված. Գարեգին Մելքոնյան

Հունիս 04,2020 16:11

Նիդերլանդներում ՀՀ նախկին դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ամիսներին և, հատկապես, այս օրերին Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական քննարկումներում հիմնականում շրջանառվում են մի քանի խումբ հարցեր.

– արտաքին հարաբերություններում խորացող մարտահրավերներ, ներառյալ` Արցախի հարցի շուրջ ընթացող գործընթացներ/,

– դատական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ՍԴ կազմի և նախագահի փոփոխություն,

– կորոնավիրուսի համաճարակ և դրա արագ տարածումը Հայաստանում,

– առողջապահական համակարգի գերծանրաբեռնված կամ ճգնաժամային իրավիճակ,

– թափ հավաքող տնտեսական ճգնաժամ և վերջինիս արդյունքում սպասվող սոցիալական-ֆինանսական խնդիրներ,

– չարդարացված և մեծածավալ պարգևավճարներ,

– նախկինում պաշտոն զբաղեցրած մի շարք անձանց նկատմամբ քաղաքական հնչեղություն ունեցող քրեական գործեր,

– անվերջ ձգվելու միտում ունեցող դատավարական գործընթացներ,

– գործող իշխանության հետ կապակցվածության մեղադրանքով սկանդալային օրինախախտման դեպքեր,

– հասարակության կողմից ճանաչելի անձանց միջև միջանձնային շարունակական կոնֆլիկտներ /ծեծկռտուք ԱԺ-ում, ակտիվ հասարակական-քաղաքական կեցվածք ունեցող անձանց ընդհարումներ և այլն/,

– գույքահարկի մասսայական և կտրուկ բարձրացում,

– ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք,

– բանկային գաղտնիքին առնչվող կարգավորումների փոփոխություն,

– ինչ-ինչ խնդրահարույց կոնվենցիաների՝ ՀՀ կողմից ընդունում-վավերացում և այլն։

Այս ցանկն, իհարկե, կարելի է շատ ավելի շարունակել ու ավելի կոնկրետացնել:

Այս ամենը տեղի է ունենում անընդհատ թափ առնող ներքին լարվածության, փոխադարձ վիրավորանքների, հասարակության պառակտման և անհանդուրժողականության տեսանելի աճի պարագայում։

Երկրում տեղի ունեցող գործընթացների, բնականաբար նաև այս օրակարգի հիմնական գեներացնողն անշուշտ /և բնականաբար/ իշխող քաղաքական թիմն ու գործող կառավարությունն է։

Եթե փորձենք հնարավորինս ընդհանրական գնահատական տալ ներհայաստանյան այս գործընթացներին, ապա պարզ է, որ սա որևէ կերպ «երկրի զարգացման օրակարգ» կոչել հնարավոր չէ։ Այս ամենը ոչ միայն չի նպաստում երկրի զարգացմանը, անվտանգային, տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը, այլ տանում հակառակ ուղղությամբ։

Զարգացման օրակարգ չկա, տեսանելի չէ, քանի որ առկա իրական խնդիրները թիրախավորելու և բարեփոխումներով զբաղվելու գործընթաց չկա։ Մեկ-երկու ոլորտներում որոշակի մակերեսային փոփոխությունների փորձերը շատ հեռու են բավարար լինելուց։

Փոխարենը ի հայտ են գալիս օրինակներ /քաղաքացիական ավիացիա և ԵՄ կողմից կիրառվող արգելք և այլն/, որոնք իրենց հերթին գալիս են հուշելու, թե որտեղ է առկա պրոբլեմների հիմնական բացատրությունը։ Ցավոք, պետական կառավարման համակարգը վերջին շրջանում հետևողականորեն թուլացվում է, մասնագիտական ներուժը շարունակաբար տուժում։

Խնդիրն այսօր տեսանելի առնվազն երկու բացատրություն ունի՝

– երկրի զարգացման (բարեփոխումների) առողջ օրակարգի բացակայություն, միգուցե նաև դա ունենալու ցանկության բացակայություն նույնպես,

– այդ օրակարգն իրականացնելու կարող և արդյունավետ կառավարվող պետական կառավարման համակարգ՝ իր փորձառու քաղաքական ղեկավարությամբ։

Այս հարցերին պատշաճ չանդրադառնալու պարագայում, ցավոք, հետագա զարգացումներն արդեն դառնում են վտանգավոր…

P.S. Անընդհատ հասարակությանը, այսպես ասած, «թոփ» լուրերով զբաղեցնելն իրական խնդիրները չի լուծում, ավելին՝ խնդիրներն ավելի են շատանում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930